ԻՊ-ի զինյալները Ebay-ն օգտագործել են ԱՄՆ դրամական փոխանցումների համար. The Wall Street Journal
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Ebay ինտերնետ-աճուրդը եւ PayPal վճարային համակարգն օգտագործել են ահաբեկչական գործողություններ կազմակերպելու նպատակով ԱՄՆ-ում հանցակիցներին փող ուղարկելու համար: Այդ մասին օգոստոսի 11-ին հայտնել է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) կողմից հրապարակված փաստաթղթերը:
ՀԴԲ-ի աշխատակիցները պարզել են, որ դրամական միջոցները, ենթադրաբար, ստանում էր ԱՄՆ-ի մոտավորցապես 30 տարեկան մի քաղաքացի: Նրան ավելի քան մեկ տարի առաջ Մերիլենդի նահանգում ձերբակալել են երկարատեւ հետաքննության արդյունքում: Կասկածյալ Մուհամեդ Էլշինավին, ՀԴԲ-ի տվյալների համաձայն, կապված էր ԻՊ-ի հետ եւ փողերն ահաբեկիչներից PayPal-ի միջոցով ստանում էր իբր Ebay-ով պրինտերներ վաճառելու համար:
ՀԴԲ-ի տվյալներով՝ Էլշինավին միայն մեկն է Սիրիայի եւ Իրաքի սահմաններից դուրս գտնվող երկրներում ԻՊ-ի այն բազմաթիվ կողմնակիցներից, որոնց զինյալները դրամական միջոցներ են ուղարկել այս սխեմայով: Այդ գործողություններն իրականացվում էին Սիրիայում ԻՊ-ի բարձրաստիճան անդամի՝ Սիֆուլ Սուջանի ղեկավարությամբ, որը ներկայում վերացված է հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: