Բաժիններ՝

«Մալխաս Ամոյանը դեռ իր խոսքը կասի մրցագորգում և ինձ էլ կգերազանցի». Ռոման Ամոյանը՝ եղբորորդու մասին

Օրերս Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում ավարտված Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 66 կգ քաշային Մալխաս Ամոյանը չեմպիոնության համար գոտեմարտեց իրանցի Ամին Յավար Կավիյանինեժադի հետ և հավասար պայքարում զիջեց մրցակցին՝ արժանանալով արծաթե մեդալի:

Վերադառնալով Հայաստան՝ Մալխաս Ամոյանը նշել է, որ իր մասնակցությունից գոհ չէ:

«Մեկնել էի միայն չեմպիոն դառնալու նպտակով: Իմ սխալի պատճառով չկարողացա ոսկին վերցնել: Շուտ սկսեցի ուրախանալ, հավատալ մոտալուտ հաղթանակին ու սկսեցի պաշտպանվել, ինչն էլ բերեց ցավալի պարտության:

Եղածը եղած է, ոչինչ հետ բերել չես կարող: Սա ինձ համար դաս եղավ: Հիմա ավելի նպատակասլաց եմ մարզվելու ու այլևս այդպիսի սխալներ թույլ չեմ տա: Անելու եմ ամեն բան, որ հաջորդ անգամ ես լինեմ չեմպիոնը»,- նշել է մարզիկը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում:

Կարդացեք նաև

Ի դեպ, Մալխաս Ամոյանը տիտղոսակիր ըմբշամարտիկ Ռոման Ամոյանի եղբորորդին է: Նա նույնպես աշխարհի երիտասարդական առաջնության օրերին Տամպերեում էր:

«Շնորհավորում եմ բոլորիս: Մալխասի արծաթե մեդալը միայն իրենը չէ, բոլորինս է: Նա դժվարին ու տպավորիչ գոտեմարտեր անցկացրեց՝ հաղթելով ուժեղ մրցակիցների: Մալխասը ոսկե մեդալ չնվաճելու իրավունք չուներ: Ոսկին  պարզապես նվիրեցին իրանցուն: Ճիշտ է, դրանում Մալխասն էլ մեղավորություն ուներ: Ըմբշամարտի կանոններով, երբ մարզիկը ոտքը դուրս է դնում գորգի սահմաններից, մրցակցին մեկ միավոր է տրվում: Բայց այս դեպքում մրցավարները Մալխասին պատժեցին երկու միավորով: Հաշիվը դարձավ 3:3, ու հաղթանակը շնորհվեց իրանցուն: Ես սա պարտություն չեմ համարում: Բայց վստահ եմ, որ Մալխաս Ամոյանը դեռ իր խոսքը կասի մրցագորգում և ինձ էլ կգերազանցի»,- նշում է Ռոման Ամոյանը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս