«Մենք լուսնի վրա չենք ապրում, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների սրացումը մեզ վրա չազդի». Էդուարդ Շարմազանով

«Հայաստանի Հանրապետությունն իր ընտրությունը կատարել է 1991 թ. սեպտեմբերի 21-ին, երբ հայ ժողովուրդն «այո» է ասել անկախությանը: Հայաստանն անկախ պետություն է և, ես չեմ կարծում, որ պետք է նման գնահատականներ հնչեցնենք: ՀՀ-ն շահագրգռված է խորացնել իր դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ և զարգացնել գործընկերային հարաբերություններն ԱՄՆ-ի հետ: Այդ ամենը ներառված է ՀՀ իշխանությունների նախընտրական ծրագրում: Մենք մեր նախընտրական ծրագրում նաև գրել ենք, որ շահագրգռված ենք հարաբերությունները զարգացնել նմանապես ԵՄ-ի, Իրանի, Վրաստանի հետ, և այլն»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ռուս-ամերիկյան հարաբերությունների սրացումն ու Հայաստանի` նոր ընտրություն կատարելու հավանականությունը:

Ըստ նրա` այս գլոբալ աշխարհում, որտեղ տնտեսությունների փոխազդեցությունը շատ մեծ է, ամերիկյան պատժամիջոցներից ոչ ոք չի շահելու: Է. Շարմազանովի խոսքով, իհարկե, ՀՀ-ն շահագրգռված չէ, որպեսզի ՄԽ համանախագահ երկու երկրների, որոնք տարածաշրջանում շատ խոշոր խաղացողներ են, ՄԱԿ ԱԽ անդամ են, հարաբերությունները սրվեն: Նա նկատեց, որ անգամ Եվրոպայում ռուս-ամերիկյան հարաբերությունների սրացումը միանշանակ չեն ընդունում, և, եթե նախկինում ԵՄ ներկայացուցիչները չէին պաշտպանում կամ բացահայտ դեմ էին դուրս գալիս Ռուսաստանին, ապա այսօր ԵՄ երկրներում, մասնավորապես` Գերմանիայում, կան առանցքային գործիչներ, որոնք ոչ միանշանակ են ընդունում ԱՄՆ Կոնգրեսի ընդունած և Թրամփի հաստատած օրենքը:

«Իհարկե, Հայաստանի վրա կազդի այս սրացումը: Մենք լուսնի վրա չենք ապրում, որ մեզ վրա չազդի: ՀՀ տնտեսությունը շատ կապված է ռուսական և ԵԱՏՄ երկրների տնտեսություններին, և ազդեցություն պարտադիր կլինի: Բայց ընդունելի չէ տեսակետը, որ Հայաստանը կարող է օգտվել այս իրավիճակից, նոր հնարավորություններ են բացվում ռուսական շուկան հայկական ապրանքներով ողողելու համար, կարծում եմ, որ չպետք է շտապենք նման գնահատականներ տալու:

Ես հուսով եմ, որ ԱՄՆ պետքարտուղարի և ՌԴ ԱԳ նախարարի հնարավոր հանդիպումը, որ ըստ փորձագիտական շրջանակների՝ ամերիկյան կողմն առաջարկել է՝ հանդիպում լինի, ռուսներն էլ ընդունել են, միգուցե որոշակի դրական փոփոխություն կբերի»,- ասաց Է. Շարմազանովը:

Նրա կարծիքով` ՀՀ արտաքին դիվանագիտությունը շատ ճիշտ է աշխատում. «Մենք ինչ արել ենք, արել ենք մեր շահերից ելնելով: Ո՛չ ՀԱՊԿ, ո՛չ ԵԱՏՄ մտնելով մենք Ռուսաստանին չենք լավություն արել, ո՛չ էլ ԱՄՆ-ի հետ ենք հարաբերությունները զարգացնում ԱՄՆ-ի համար, այլ մենք դա անում ենք մեր շահերի համար: Երկու խոշոր խաղացողների հակասությունների վրա չի կարելի փորձել խաղալ, այլապես հաստատ տուժողը դու կլինես: Մակերեսային ու դիլետանտական են այն գնահատականները, որ կոչ է արվում ՀՀ քաղաքական վերնախավին և ժողովրդին` ընտրություն անել կամ փորձել շահել այս երկուսի հակասության մեջ: Մենք պետք է շատ սթափ բոլոր հարաբերություններում սպասարկենք ՀՀ շահերը` ինչպես դա արել ենք Իրան-ԱՄՆ կամ ռուս-վրացական հարաբերությունների սրման ժամանակ»:

Ռազմաքաղաքական տեսանկյունից դիտարկելիս, ըստ Է. Շարմազանովի՝ Հայաստանի մուտքը ՀԱՊԿ այլընտրանք չունի, քանի որ ՀԱՊԿ-ի այլընտրանքը Թուրքիայի հետ նույն բլոկում հայտնվելն է. «Եթե ռուսական ռազմաբազան չպետք է այստեղ լինի, ապա ո՞ր բազան, թուրքակա՞ն բազան պետք է լինի: Ես թուրքական բազային կողմ չեմ»:

«Մենք շահագրգռված չենք մեր դաշնակիցների և գործընկերների, մեր բարեկամ երկրների հարաբերությունների սրմամբ: Մենք տարածաշրջանում խաղաղության, կայունության կողմնակից ենք` այդ ամենի առանցքում ունենալով ՀՀ շահը: Իսկ ՀՀ շահը չի պահանջում ինչ-որ նոր ընտրության առաջ կանգնել»,- հավելեց Է. Շարմազանովը:

Տեսանյութեր

Լրահոս