Ինչո՞ւ է ուշանում և ի՞նչ որակ ունի պետության կողմից անվճար տրվող դեղորայքը
Առողջապահական ոլորտի հիմնախնդիրները բազմաթիվ են: Հաճախ քաղաքացիներն իրավացիորեն գալիս են այն եզրակացության, որ անկախացումից հետո առողջապահական ոլորտն այդպես էլ չի կայացել ու չի կարողանում լուծել իր առջև դրված խնդիրները:
Օրինակ, Օնկոլոգիայի Ազգային կենտրոնի տվյալներով, մեր հանրապետությունում վերջին քսան տարիների ընթացքում քաղցկեղով հիվանդների թիվը կրկնակի աճել է: Այս հիվանդության արդյունքում մահացության ցուցանիշն էլ ՀՀ-ում 1.5-1.8 անգամ բարձր է ԱՄՆ-ի, եվրոպական երկրների համեմատ: Չնայած այս ամենին, բոլորիս էլ հայտնի է, թե քաղցկեղով հիվանդի վրա ինչպիսի «թվեր են նստում» իր հիվանդության բուժումը հիվանդանոցներում:
Բացի հիվանդությունների աճից՝ առողջապահական ոլորտում առկա են նաև այլ հիմնախնդիրներ:
Այս անգամ 168.am-ը կանդրադառնա անվճար դեղերի ցուցակի հրապարակայնացման անհրաժեշտությանը, դեղերի որակին և գներին, գնումների գործընթացին, դրանց պիտանելիության ժամկետին և դարձյալ պոլիկլինիկաներին անվճար դեղերի մատակարարման ուշացումներին՝ այս ոլորտում առկա թերությունները վերացնելու նպատակով որոշ առաջարկություններ ներկայացնելով ՀՀ առողջապահության նախարարությանը:
Դեղերի ցուցակ
Գյումրու որոշ պոլիկլինիկաներում հիվանդներին անվճար հատկացվող դեղերի ցուցակները չեն փակցվում:
Թիվ առաջին պոլիկլինիկայում նշում են, որ այդ ցանկը փոփոխական է, այդ պատճառով այն փակցնելուց հետո հանում են: Հիվանդները դրան չեն էլ նայում, իրենց անհրաժեշտ անվճար դեղի համար դիմում են բժշկին և ստանում:
Երկրորդ պոլիկլինիկայում փակցված է հիմնական դեղերի ցանկը, մինչդեռ հիվանդներին հասանելիք անվճար դեղերի ցանկը գտնվում է դարակում՝ նրանց համար ոչ տեսանելի տեղում: Այն մեզ, իհարկե, ցույց տվեցին, սակայն պոլիկլինիկա այցելող հիվանդներն այն չեն տեսնի: Հարցին, թե ինչո՞ւ չեն փակցնում հիվանդների համար տեսանելի տեղում՝ ասենք՝ պոլիկլինիկայի պատին, մեզ պատասխանեցին, որ դրա անհրաժեշտությունը չկա, իսկ անվճար դեղերի ցանկը կազմելիս օգտվում են հիմնական դեղերի ցանկից:
Իտալական պոլիկլինիկայում տեղեկացրեցին, որ պատին անվճար դեղերի ցանկը փակցված է: Մեր այցելության ժամանակ այն պոլիկլինիկայում առկա էր՝ ոչ «2017 թվականի անվճար դեղերի ցանկ» անվանումով, հետևաբար՝ հիվանդը չի կարող գլխի ընկնել, որ այդ ցուցակը վերաբերում է անվճար տրամադրվող դեղերին:
«Կարմիր խաչի» անվան պոլիկլինիկայի տնօրեն Հովհաննես Վարձելյանն այդ կապակցությամբ 168.am-ի հետ զրույցում նշեց. «Մենք չեն փակցնում, այդ հրամանը չունենք, որ պետք է փակցվի: Օրենքը չի նախատեսում: Բայց եթե մարդիկ ցանկանում են ցուցակը տեսնել, իրենց ցույց ենք տալիս: Դեղեր կան, որոնք ամբողջ աշխարհում արգելվում են, նոր դեղեր են ի հայտ գալիս, ուստի ցուցակները փոփոխական են: Կարիքն էլ չկա, որ փակցվի»:
Իրականացված հետաքննության արդյունքում պարզ դարձավ, որ մեր այցելած որևէ պոլիկլինիկայում չկար փակցված դեղերի ցանկ, որը վերնագրված լիներ «Անվճար դեղերի ցանկ» անվանումով:
Երբ ՀՀ առողջապահության նախարարությունից պահանջում ենք անվճար դեղերի ցանկը, ասում ենք, որ հիվանդներին այս հարցը հուզում է. իրենց հասանելիք անվճար ոչ բոլոր դեղերի մասին է, որ նրանք տեղյակ են լինում, որոշ դեպքերում էլ ինչ-ինչ նպատակներով՝ բժիշկները կարող են հիվանդներից թաքցնել այս կամ այն դեղի անվճար լինելու հանգամանքը, որպեսզի հիվանդները չպահանջեն:
Թե սոցիալական որ խմբերին է անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղորայք հասնում, այդ մասին պոլիկլինիկաների պատերին կան փակցված համապատասխան ցուցակներ, հետևաբար՝ սա էլ պետք է լինի, որն ավելի կարևոր է:
Մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ առողջապահության նախարարությունից նշում են, որ անվճար կամ արտոնյալ պայմաններով բնակչության սոցիալապես անապահով խավերին դեղերով ապահովումն իրականացվում է սպասարկող պոլիկլինիկայի կողմից՝ դեղերի դուրսգրումն իրականացվում է մասնագետների կողմից՝ ՀՀ «Հիմնական դեղերի ցանկին» համապատսխան, իսկ մեր բարձրացրած հարցը ՀՀ առողջապահական ոլորտի որևէ իրավական ակտով սահմանված չէ:
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանին հարց ուղղեցինք՝ արդյո՞ք Գյումրու որոշ պոլիկլինիկաներում անվճար դեղերի ցանկի՝ պատերին փակցված չլինելն օրենքի խախտում չէ:
«Օրենսդրական որևէ փաստաթղթով պահանջ նախատեսված չէ, որ անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի ցանկը փակցված լինի հիվանդին տեսանելի տեղում: Ցանկում դեղերն ընդգրկվում են միջազգային համընդհանուր (չպատենտավորված) անվանումներով` նշելով դեղաչափը և դեղաձևը, ինչն անհասկանալի է ոչ մասնագետի համար: Այն, ինչ ստանում է հիվանդը պետական կենտրոնացված գնումներով` Նախարարության կողմից ձեռք բերվող, ցանկում նշված բոլոր հիվանդություններն ունեցող մարդիկ հրաշալի գիտեն և մշտապես ստանում են։ Եթե պոլիկլինիկան 1-2 օր ուշացնի, իրենք ահազանգում են։ Ինչ վերաբերում է պոլիկլինիկաների կողմից ձեռք բերվողներին, ապա այդ մասին տեղեկացեք պոլիկլինիկաներից։ Այդ կարգն իրենք ավելի լավ կարող են մեկնաբանել»,- նշեց տիկին Հայթայանը:
Այնուհետև նա ներկայացրեց տեղեկանք, որի համաձայն՝ պետության կողմից հատկացված միջոցների հաշվին հիվանդների դեղապահովումն իրականացվում է երկու աղբյուրների հաշվին` ՀՀ առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված կարգով և բժշկական հատատությունների կողմից ձեռք բերված դեղերով:
Դրա համաձայն՝ դեղերի անվճար հատկացումն իրականացվում է՝ ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1717-Ն որոշման համաձայն՝ «Անվճար կամ արտոնյալ պայմաններով ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունների միջոցով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» թիվ 1 և 2 հավելվածների`
Թիվ 1 հավելվածի համաձայն՝ դեղերը հատկացվում են հիվանդներին անվճար կամ զեղչային տարբերակով, ըստ բնակչության սոցիալական խմբերի. 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներ, հաշմանդամ երեխաներ (մինչև 18 տարեկան), Հայրենական պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, միակողմանի ծնողազուրկ երեխաներ (մինչև 18 տարեկան), բազմազավակ (մինչև 18 տարեկան չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ, հաշմանդամներից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչև 18 տարեկան), մինչև 7 տարեկան երեխաներ:
Առկա են նաև բնակչության սոցիալական խմբեր, որոնց պատկանող անձանց հիվանդության դեպքում դեղերը տրվում են 50 տոկոս զեղչով: Նրանք են՝ 3-րդ խմբի հաշմանդամներ, Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ, բռնադատվածներ, միայնակ չաշխատող կենսաթոշակառուներ, միայն չաշխատող կենսաթոշակառուներից բաղկացած (այդ թվում՝ իրենց խնամքի տակ անչափահաս երեխա ունեցող) ընտանիքներ, միայնակ մայրերի երեխաներ (մինչև 18 տարեկան):
Չաշխատող կենսաթոշակառուներին դեղերը տրվում են 30 տոկոս զեղչով:
Թիվ 2 հավելվածի համաձայն` Առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված կարգով ձեռք են բերվում և դեղերն անվճար տրամադրվում են՝ ըստ հետևյալ հիվանդությունների. տուբերկուլյոզ (հակատուբերկուլյոզային դեղեր), hոգեկան հիվանդություններ (հոգեմետ դեղեր), չարորակ նորագոյացություններ (հակաուռուցքային դեղեր, ցավազրկող դեղեր, թմրադեղեր), շաքարային և ոչ շաքարային դիաբետ (հակադիաբետիկ դեղեր), էպիլեպսիա (հակացնցումային դեղեր), սրտամկանի ինֆարկտ (դուրսգրման օրվանից առաջին 2 ամիսը՝ արյան կորոնար շրջանառությունը բարելավող դեղեր), պարբերական հիվանդություն (կոլխիցին և (կամ) համարժեք այլ դեղեր), սրտի փականների արատներ (հակակոագուլյանտներ՝ պրոթեզավորումից հետո), մալարիա (հակամալարիային դեղեր), քրոնիկ երիկամային անբավարարություն (երիկամային փոխպատվաստման և (կամ) ծրագրային հեմոդիալիզի դեպքերում (ցիկլոսպորին, էրիթրոպոետին, մոֆետիլի միկոֆենոլատ և (կամ) դրանց համարժեք այլ դեղեր), ֆենիլկետոնուրիա (ֆենիլալանին չպարունակող մանկական կեր), անհաս նորածինների շնչառական խանգարման համախտանիշ (բերակտանտ ակտիվ նյութ պարունակող դեղեր):
Դեղերի ձեռքբերումն իրականացվում է՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն և 2013 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող դեղերի տեխնիկական բնութագրերի կազմման չափորոշիչները հաստատելու մասին» թիվ 502-Ն կառավարության որոշումները:
Նշենք՝ թեև օրենքով նախատեսված չէ անվճար դեղերի ցուցակը հրապարակայնացնել, սակայն հաշվի առնելով հանրային շահը, հատկապես՝ հիվանդների, անհրաժեշտ է գնալ այդ քայլին:
Հիմնականում դա չի արվում այն պատճառով, որ հիվանդները շատ չբարձրաձայնեն իրենց իրավունքների մասին, չպահանջեն հասանելիք որոշ դեղեր, որոնք իրենց անվճար է հասնում, բայց այդ մասին կարող է տեղյակ չլինեն: Օրինակ, հիվանդների մեծ մասը կարող է տեղյակ չլինել, որ պոլիկլինիկաներում առկա են իրենց համար նախատեսված հակաուռուցքային և սրտամկանի սուր ինֆարկտի անվճար դեղեր:
Բացի այդ, հիվանդների թվի ավելացումը լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն կարող է ստեղծել մեր պետության համար: Որքան շատ հիվանդ, այնքան շատ անվճար դեղորայքի պահանջ:
Եթե պոլիկլինիկաները դեղորայքի ձեռքբերման պայմանագրեր են կնքում դեղատների հետ և անվճար հատկացվող դեղերի ցանկը պոլիկլինիկաների պատերին չի փակցվում, ապա այս ամենն իր մեջ կարող է կոռուպցիոն ռիսկ պարունակել. այն է՝ հիվանդներին հասնող որոշ անվճար դեղեր, որոնց մասին իրենք կարող է տեղյակ չլինեն, մնալով դեղատներում՝ կարող են վաճառվել, գումարն էլ պոլիկլինիկա-դեղատուն փոխադարձ «գործարքի» արդյունքում «յուրացվել»:
Իհարկե, «Դեղերի մասին օրենքով» արգելվում է դեղատոմսով բաց թողնվող դեղերի իրացումն առանց դեղատոմսի, սակայն հաշվի առնելով հայաստանյան իրականությունը՝ ամեն ինչ էլ կարելի է սպասել:
Սույն օրենքով նաև արգելվում է դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկատվության տարածումը զանգվածային լրատվամիջոցներով, ուստի այս հարցի մեջ շատ խորամուխ չեղանք:
Այնուամենայնիվ, Գյումրիում գործող դեղատներից մեկում մեզ հետ զրույցում նշեցին, որ հիվանդներն իրենց դեղատնից դեղատոմսերով միայն հոգեմետ դեղեր են ձեռք բերում:
Հավելենք, ուսումնասիրելով համացանցը, համենայնդեպս, գտանք 2004 թվականի անվճար դեղերի և 2013 թվականին Առողջապահության նախարարի կողմից հաստատված հիմնական դեղերի ցանկը այս և այս հղումներով:
Բ) Գնումների գործընթաց
Անդրադառնալով դեղերի գնումների գործընթացին՝ Գյումրու պոլիկլինիկաներից մեկից մեզ տեղեկացրեցին, որ ՀՀ առղջապահության նախարարությունը որոշ դեղեր պոլիկլինիկաներին հատկացնում է անվճար, մյուսների ցանկը կազմվում է պոլիկլինիկաների կողմից, որոնք հիվանդները դեղատներից դեղատոմսերով են ձեռք բերում.
«Պետությունը սոցիալական որոշ խմբերի անվճար դեղորայք է հատկացնում: Մրցույթ է հայտարարվում, որից հետո, որը որ ավելի ցածր գին է առաջարկում, տվյալ դեղատունն էլ դառնում է մեր պոլիկլինիկայի համար դեղերի մատակարար, ըստ այդմ էլ տվյալ դեղատան հետ պայմանագիր է կնքվում: Եթե հիվանդին դեղ է անհրաժեշտ, ապա երկու օրինակից դեղատոմս է դուրս գրվում, որոնցից մեկը հիվանդը ներկայացնում է դեղատուն՝ դեղը ստանալու, իսկ մյուսը մնում է պոլիկլինիկայում: Ամսվա վերջում դեղատունը պոլիկլինիկային ներկայացնում է հաշիվ-ապրանքագիր և ռեեստր (ամփոփագիր), թե ամսվա ընթացքում որքան դեղ է գնվում հիվանդների կողմից: Ամսվա վերջում պոլիկլինիկան հաշվետվությունները Պետական առողջապահական գործակալություն է ներկայացնում, որի հիման վրա պետությունը փոխհատուցում է գնված դեղերի գումարը:
Դեղերը ձեռք են բերվում «Ալֆա Ֆարմ» դեղագործական ընկերությունից և «Վագա Ֆարմ», «Կենդանի Լույս» ՍՊԸ-ներից: Հատուկ սահմանված գին չկա, թե ինչ գնով պետք է պոլիկլինիկան դեղորայք ձեռք բերի: Դա կախված է հիվանդների թվից և պահանջվող դեղորայքի քանակից: Միաժամանակ, բյուջեով դեղորայքի ձեռքբերման սահմանված գումարի չափ կա. եթե 13 միլիոնից ավելի գումար լինի, կարող են և չփոխհատուցել գումարը: Դրա համար անվճար դեղերի ցանկում շատ թանկ դեղեր չեն կարող ընդգրկվել: Ամսական 600.000-700.000 դրամի չափով դեղորայք է ձեռք բերվում»:
Գ) Դեղերի ներկրում և գներ
ՀՀ-ում դեղերը ներկրում են 4 կազմակերպություններ: «Դեղերի մասին օրենքով» նախատեսվում է տույժ ու տուգանքներ սահմանել դրանց ներկրման խախտումների համար: ՀՀ-ն դեղերը հիմնականում ներկրում է եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից: 2011-2015 թվականներին Հայաստան ներկրվող դեղերի ծավալը 3 անգամ ավելացել է: Այս տարիներին ներկրվել է 208.264 մլն դրամի դեղորայք, արտահանվել՝ 14.098 մլն-ի։
Նշենք որ մեզ համար անհրաժեշտ ռուսական արտադրության որոշ դեղեր ՌԴ-ից Հայաստան չեն ներկրվում, իսկ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ-ում դեղերի գների էական փոփոխություն տեղի չի ունեցել:
Տնտեսագետ Անդրանիկ Մանուկյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ԵԱՏՄ-ին միանալը ՀՀ-ի համար մաքսատուրքերի էական փոփոխություններ չի բերել, հետևաբար՝ գնային առումով ևս փոփոխություններ պետք է որ տեղի չունենային:
«1992-1993 թվականներից սկսած մենք Ռուսաստանի հետ ազատ առևտրի ռեժիմ ենք ունեցել: Այլ հարց է, որ միկրոմակարդակում ինչ-որ ապրանքների գներ կարող են փոփոխված լինել: Կան տեխնիկական կանոնակարգեր, ապրանքների սերտիֆիկացում և այլն: ԵԱՏՄ միասնական հանձնաժողովը միասնականացում է իրականացնում, և այն ապրանքները, որոնք Ռուսաստանում սերտիֆիկացվել են, հեշտությամբ կարող են ներմուծվել Հայաստան»,- պարզաբանեց Ա.Մանուկյանը:
Նշենք՝ մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ շաքարային դիաբետով հիվանդների համար հայկական դեղատներում առկա որոշ դեղեր ավելի բարձր գին ունեն, մինչդեռ նույն դեղերը ՌԴ-ի և Ուկրաինայի դեղատներում ավելի մատչելի գներով են վաճառվում:
Օրինակ, ֆրանսիական արտադրության 30 դեղահաբ պարունակող «Диабетон MR» դեղահաբի գներն Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի դեղատներում սկսվում են 119.97 գրիվնայից, որը մեր տարադրամով հավասար է 2215 դրամի: Որոշ դեպքերում Ուկրաինայում այն ավելի ցածր սակագնով է վաճառվում (պետք է հաշվի առնել, որ Ուկրաինան ստորագրել է ԵՄ ասոցիացման համաձայնագիրը և տնտեսական կապերը Եվրոպայի հետ ավելի սերտ են), իսկ ՌԴ դեղատներում ֆրանսիական արտադրության «Դիաբետոնը»՝ մասնավորապես «Диабетон МВ»-ն, վաճառվում է 275-320 ռուբլով, որն հայկական դրամով կլինի 2524 դրամ. մեր համեմատ՝ բավական էժան գին:
Հայաստանում՝ «Նատալի Ֆարմ» ընկերությանը պատկանող դեղատներում 60 միլիգրամանոց, 30 հատ դեղահաբ պարունակող «Диабетон MR»-ը 4400 դրամով է վաճառվում: Այլ դեղատներում դրա գինը սկսվում է 3900 դրամից, երբեմն վաճառվում է 4200 դրամով:
Ինչպես 168.am-ին տեղեկացրեցին «Նատալի Ֆարմ» դեղատների ցանցից, «Диабетон МВ» իրենց մոտ չի վաճառվում, միայն «Диабетон MR»: Իսկ թե ինչո՞ւ է շաքարային դիաբետով հիվանդների համար նախատեսված որոշ դեղեր Ռուսաստանում վաճառվում բավական մատչելի գներով, մեզ մոտ թանկ՝ Հայաստան դեղեր ներմուծող ընկերությունները դժվարանում են պատասխանել:
Դեղատներից մեկի աշխատակիցները մեզ հետ զրույցում նշեցին, թե այդ դեղահաբը ռուսները ֆրանսիական ընկերությունից են գնում, և հնարավոր է՝ նրանց հետ սերտ կապեր ունեն: Սակայն, հաշվի առնելով մեր երկրի ցածր կենսամակարդակը, այս փաստն ուղղակի խայտառակություն է:
168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն՝ պարզելու՝ թե ի՞նչ գնով և մինչև ե՞րբ է նախատեսված Հայաստան ներկրել «Դիաբետոն» դեղահաբը:
«ՀՀ առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված կարգով ձեռք է բերվում «Դիաբետոն» ՄՌ (գլիկլազիդ) 60 մգ դեղը»՝ միավորի գինը՝ 0.06 եվրո, առանց ԱԱՀ: ՀՀ առողջապահության նախարարության և ԼԵՍ ԼԱԲՈՐԱՏՈՒԱՐ ՍԵՐՎԻԵ ընկերության կողմից կնքված «Դիաբետոն ՄՌ (գլիկլազիդ) 60 մգ» մատակարարման պայմանագրի համաձայն՝ դեղը ձեռք է բերվել 2015-2019 թվականների համար»,- նշված է մեզ ուղարկված՝ հարցման պատասխանում:
Դ) Որակ
ՀՀ-ում դեղերի որակի ստուգումն իրականացնում է «Ակադեմիկոս Ա. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ն՝ հիմնվելով «Դեղերի մասին» օրենքի վրա (Օրենքը տե´ս այստեղ.): Կարևոր է նաև, թե ի՞նչ որակի և քանակի դեղորայք է ձեռք բերվում պոլիկլինիկաների կողմից:
Օրինակ, որոշ ժամանակ պոլիկլինիկաներում հիվանդներին տրվում էր հնդկական «Դիաբետոն», ինչի որակից հիվանդները երբեմն դժգոհում էին: Մինչդեռ դեղի գինը, նաև այն, թե որ երկրում է արտադրվում այն, կարևոր նշանակություն ունեն:
Դեղագետներից մեկը, ով չցանկացավ, որպեսզի իր անունը հրապարակվի, մեզ հետ զրույցում նշեց, որ հնդկական ու ոչ մի որակով դեղ ինքը չի հանդիպել.
«Երկրորդ տիպի շաքարային դիաբետի դեպքում դեղահաբերի ընդունումը ժամանակավոր բնույթ է կրում: Բոլոր տիպի դեղահաբերը զարգացնում են տոլերանտություն, և գնալով պետք է դրանց չափաբաժինն ավելացվի: Հետո դրանք կորցնում են իրենց էֆեկտը, և բոլորն անցնում են ինսուլինի, դրան գումարած՝ երբեմն շարունակում են դեղահաբերն օգտագործել: Օրգանիզմն ինսուլինի կարիքը զգում է պիկերով. սնունդն ընդունելուց հետո միանգամից բարձր դոզա է պետք, հետո՝ ցածր: Մեր դեղատներում վաճառվող լավագույն ինսուլինը գերմանական արտադրության «Լանտուսն» է, որի մեկ ներարկումն արյան մեջ շաքարի մակարդակը նորմայի մեջ է պահում 24 ժամ: Ինչ վերաբերում է անվճար դեղերի ցուցակին, ապա դրա մեջ եղած դեղերի 80 %-ն անորակ, էժանագին դեղերն են, միայն 20%-ն են որակյալ»,- ասաց մեր զրուցակիցը:
Մեր զրուցակցի խոսքով՝ բացի դեղի ազդող նյութից, դեղահաբերի արտադրության մեջ օգտագործվում են հավելյալ նյութեր, որոնց թանկն ու էժանը կան:
«Երբ դրանք էժան են լինում, դեղերի կենսամատչելիությունն էլ ցածր է լինում: Սակայն, կա մի սահման, որից այն կողմ, եթե դեղի կենսամատչելիությունը (դեղն ընդունելուց հետո դրա այն քանակը, որն անցնում է արյան շրջանառությամբ) ցածր է լինում, տվյալ դեղի խմբաքանակը սահմանից ետ են վերադարձնում: Կան ֆիրմաներ, որոնք զբաղվում են միայն բրենդային դեղերի արտադրությամբ, իսկ մյուսներն արտադրում են դրանց անալոգները՝ ջեներիկներ: Բրենդային դեղեր արտադրող դեղագործական ընկերությունները 10 տարի չեն թողնում, որպեսզի շուկայում հայտնվի իրենց արտադրած դեղի ջեներիկը, մինչև իրենց փողը հանում են, որից հետո նոր թույլատրվում է ջեներիկների արտադրությունը»,- ասաց մեր զրուցակիցը:
Ե) Դեղերի պիտանելիության ժամկետ
Անդրադառնանք ՀՀ դեղատներում առկա դեղերի պիտանելիության ժամկետին:
Gnumner.am կայքից տեղեկանում ենք, որ դեռևս այս տարվա ապրիլ ամսին ՀՀ առողջապահության նախարարությունը ցանկացել է ձեռք բերել Մեթադոնի 10 մգ հիդրոքլորիդ, իսկ դեղի պիտանիության ժամկետները պատվիրատուին հանձնման պահին պետք է լինի՝
Ա) 2.5 տարվանից ավելի պիտանիության ժամկետ ունեցող դեղերը հանձման պահին պետք է ունենան առնվազն 2 տարի մնացորդային պիտանիության ժամկետ:
Բ) Մինչև 2.5 տարի պիտանիության ժամկետ ունեցող դեղերը հանձման պահին պետք է ունենան դեղի ընդհանուր պիտանիության ժամկետի առնվազն երկու երրորդը:
Թեև ՀՀ առողջապահության նախարարությունն ամեն ինչ անում է՝ բացառելու համար դեղատներում ժամկետանց դեղերի հայտնվելը, սակայն երբեմն, երբ դեղատներից դեղեր ձեռք բերողները նման խնդիրների են բախվում:
Զ) Առողջապահության նախարարության կողմից պոլիկլինիկաներին դեղերի մատակարարման ուշացումը
Գյումրու որոշ պոլիկլինիկաներում անվճար դեղերի մատակարարման ուշացման հարցում մեղադրում են Առողջապահության նախարարությանը:
Ըստ մեր տեղեկությունների՝ պոլիկլինիկաներում «Դիաբետոնը» մեծ քանակությամբ սպառվում է, և, եթե նախարարությունից կրկին չհատկացնեն, ապա դեղահաբի պակաս կառաջանա:
Թիվ առաջին պոլիկլինիկայում մեզ հետ զրույցում նշեցին, որ եռամսյակը մեկ են դեղերը ստանում, բայց այս եռամսյակի վերջին անվճար դեղերի մատակարարումը պոլիկլինիկաներ փոքր-ինչ ուշացել էր:
Մեկ այլ պոլիկլինիկայում բողոքեցին, որ Առողջապահության նախարարությունը 15-20 օր դեղերի մատակարարումն ուշացրել էր.
«Բացի «Դիաբետոնից»՝ նաև ինսուլինի պակաս ենք ունեցել: «Կարմիր խաչից» ու Աբաջյանի անվան պոլիկլինիկայից ինսուլին էինք բերել: «Մետֆորմինն» ուշացել էր, խնդրեցինք, երկրորդ պոլիկլինիկան մեզ 300 հատ տվեց: Եթե հիվանդը ծանր էլ չլինի, ապա դեղը վերջանալու դեպքում մենք պարտավոր են հիվանդին դեղով ապահովել: Դու կարող ես ինսուլինակախյալ հիվանդին ետ դարձնե՞լ, որի կյանքը դրանից է կախված: Ու ինչքան ժամանակ յոլա ենք տարել՝ մինչև հուլիսի 28-ը, դրանից հետո նոր դեղ ենք ստացել: Հիվանդների թիվն էլ ավելանում է: Դուք էս երկրի իրականությանը ծանոթ չե՞ք: Նախարարությունն է ուշացնում դեղերի մատակարարումը»:
Մեկ այլ պոլիկլինիկայում ցույց տալով դեղերի գրանցամատյանը՝ մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենք ունեն երկու հիվանդ, ովքեր «Դեսմոպրեսին» քթակաթիլներ են օգտագործում. «Մեզ տվել են ընդամենը 3 ֆլակոն դեղ: Հիմա էդ երկու հոգուն 3 ֆլակոնը ես ո՞նց բաշխեմ, որի՞ն տամ, որի՞ն չտամ»:
Առաջարկ ՀՀ առողջապահության նախարարությանը
Անհրաժեշտ է փոխել օրենքը և անվճար դեղերի ցուցակը հրապարակային դարձնել՝ հիվանդների համար տեսանելի վայրերում փակցնելով՝ «Անվճար դեղերի ցուցակ» վերտառությամբ:
ՀՀ-ում արդյունաբերության անկման, սոցալ-տնտեսական վաթտար իրավիճակում, երբեմն պոլիկլինիկաներին անվճար դեղերի տրամադրման ուշացման պարագայում հիվանդները որոշ դեպքերում իրենց անհրաժեշտ դեղորայքը ստիպված են ձեռք բերել դեղատներից, ուստի անհրաժեշտ է ստուգումներ իրականացնել ինչպես՝ ԱՆ-ում, այնպես էլ՝ Շիրակի մարզպետարանի Առողջապահության վարչությունում, Գյումրու պոլիկլինիկաներում՝ պարզելու, թե ի՞նչն է որոշ դեպքերում հիվանդների համար անհրաժեշտ այս կամ այն դեղի բացակայության կամ երբեմն՝ դրանց՝ հիվանդներին չտրամադրման պատճառը: Այս խնդիրն առկա կլինի նաև ՀՀ մյուս պոլիկլինիկաներում:
«Թրանսփերենսի Ինթերնեշընըլ» հակակոռուպցիոն, «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» հ/կ-ների կողմից իրականացրած «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում» հետազոտության համաձայն՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնության նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով Առողջապահության նախարարությունն ունի իր մեջ առանձնացված երկու ստորաբաժանում՝ Պետական առողջապահական գործակալությունը և Առողջապահական պետական տեսչությունը, ուրեմն հենց դրանք էլ պետք է զբաղվեն վերը նշված խնդիրներով: Նաև նշվում է, որ բժշկական կազմակերպություններում առկա են բուժօգնության որակի ապահովման լրջագույն խնդիրներ:
Թեև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարել էր, որ հաշմանդամության կարգ ստանալու գործընթացը կատարելագործվելու է, սակայն բոլորին հայտնի են այս ոլորտում առկա կոռուպցիոն դրսևորումները, ուստի կոռուպցիան վերացնելու նպատակով այստեղ ևս անհրաժեշտ է աշխատանքներ իրականացնել:
Անահիտ Սիմոնյան
Հ.Գ. Ի վերջո, առողջապահական ոլորտում առկա թերացումները պատճառ են հանդիսանում, որպեսզի հիվանդները լիարժեք կերպով չկարողանան օգտվել անվճար բժշկական ծառայություններից:
Ցանկալի է, որ հեռուստաընկերությունները ևս զբաղվեն վերը նշված հիմնախնդիրների լուսաբանմամբ: