Բաժիններ՝

Լիլիամ Քեշիշյան. Ուրուգվայի միակ կին նախարարը

Ուրուգվայի զբոսաշրջության և սպորտի գործող նախարար Լիլիամ Քեշիշյանը (Liliam Kechichián) ծնվել է 1952թ. մարտի 2-ին հարավամերիկյան հանրապետության մայրաքաղաք Մոնտեվիդեոյում:

Ապագա նախարարի հոր ընտանիքը Ուրուգվայ է տեղափոխվել Թուրքիայից՝ փրկվելով Հայոց ցեղասպանությունից: Լիլիամի մայրը ուրուգվայուհի է, որի հետ կոշկակար հայրը ծանոթացել է Մոնտեվիդեոյում:

1950-ականներին Քեշիշյանների համեստ ընտանիքից ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ իրենց դուստրը կկարողանա ոչ միայն բարձրագույն կրթություն ստանալ Մոնտեվիդեոյի պետական համալսարանում, այլև զբաղեցնել նախարարական աթոռ:

Մասնագիտությամբ սոցիոլոգ-հոգեբան Լիլիամ Քեշիշյանի քաղաքական մեկնարկը տրվել է երիտասարդական շարժումների շարքերում՝ հանուն 1960-ականներին Ուրուգվայի ժողովրդավարության և քաղաքական ազատության:
Ուրուգվայի ժողովրդավարացման ալիքին 1999թ. Լիլիամը միանում է ուրուգվայական «Լայն ճակատ» (Frente Amplio) կուսակցությանը, իսկ ավելի ուշ նշանակվում Ուրուգվայի զբոսաշրջության հիմնադրամի տնօրեն:

Ուրուգվայի 2004թ. ընտրությունների արդյունքով Լիլիամ Քեշիշյանը ստանում է պատգամավորական մանդատ և դառնում ծագումով հայ առաջին ուրուգվայցին, որը հայտնվում է երկրի օրենսդրական մարմնում:
2 տարի անց արդեն փորձառու քաղաքական գործիչն իր տեղն է գտնում նախարարների կաբինետում՝ դառնալով Ուրուգվայի զբոսաշրջության և սպորտի նախարարի տեղակալ, իսկ 2012-ին՝ նախարար: Քեշիշյանը մինչ օրս միակ կին նախարարն է Ուրուգվայի կառավարությունում:

65-ամյա Լիլիամ Քեշիշյանը չգիտի հայերեն, սակայն վաղ հասակից ներգրավված է Ուրուգվայի հայերի կյանքի մեջ, իսկ պատգամավոր եղած ժամանակ նախաձեռնել է մի շարք նախագծեր Հայոց ցեղասպանության թեմայով, Ուրուգվայը 1965թ. առաջինն է ընդունել Հայոց ցեղասպանությունը:

Այսօր նա համարվում է Ուրուգվայում և հարավամերիկյան տարածաշրջանում Հայաստանի և Արցախի շահերի ամենաազդեցիկ լոբբիստը: Նա սերտ կապեր է պահպանում Հայաստանի հետ և վերջին 10 տարում երկու անգամ այցելել է Հայաստան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս