Վենետիկում զբոսաշրջիկներին կտուգանեն «12 ոսկե կանոնների» խախտման համար
Վենետիկի իշխանությունները հայտարարել են «Հյուրերի վարքի 12 ոսկե կանոնների» կիրարկման մասին, որոնց խախտման համար զբոսաշրջիկներն ստիպված կլինեն վճարել 25-ից մինչեւ 500 եվրո: Այս մասին հայտնել է Ռուսաստանի տուրիստական գործարկուների ասոցիացիան (ՌՏԳԱ):
«Վենետիկի խշխանությունները հայտարարել են անպատշաճ վարքի համար տուգանքների խստացման մասին: Ջրանցքներում լողալու համար նախկին 50 եվրոյի փոխարեն զբոսաշրջիկը կվճարի 500 եվրո: Քաղաքում լողազգեստով կամ մերկ իրանով զբոսնելու համար այժմ կտուգանեն 200 եվրոյով: 100-ական եվրո կպահանջեն նրանցից, ովքեր զբոսախնջույք կկազմակերպեն հասարակական վայրում կամ հեծանիվ կքշեն հետիոտների համար նախատեսված շրջաններում»,- ասված է ասոցիացիայի հաղորդագրության մեջ:
Բացի դրանից, հիշատակվում է, որ իշխանությունները տուգանք են նախատեսում հուշարձանների վրա մակագրությունների համար (400 եվրո) եւ աղբի համար (25 եվրո):
Վենետիկում վարքի կանոնների պահպանման անհրաժեշտության մասին զբոսաշրջիկներին կտեղեկացնեն սոցիալական ցանցերում «Վայելիր, հարգիր Վենետիկը» (#EnjoyRespectVenezia) հատուկ արշավի օգնությամբ, ինչպես նաեւ քաղաքային խորհրդի կայքում հայտարարությունների եւ պլակատների միջոցով, գովազդային վահանակների վրա եւ զբոսաշրջիկների առավել մեծ կուտակման վայրերում: Արշավը կանցկացվի 10 լեզուներով, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: