«Վիճարկելու ենք այդ որոշումը Դատախազին, այնուհետև՝ դատարան». Արտակ Զեյնալյանը՝ ՀՔԾ-ի կողմից «Զիբիլիքսի» գործը կարճելու մասին

«Մենք դեռ որոշումը չենք ստացել, մենք գտնում ենք, որ մեր իրավունքը խախտվել է, մենք դա զգում ենք, և միայն մենք չէ, որ զգում ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ)-ը հայտնել է, որ «Զիբիլիքս» անվանումը ստացած նյութերի առնչությամբ հարուցված քրեական գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով: Հիշեցնենք նաև, որ «Ելք» դաշինքն իրավապահներին «հանցագործության մասին» հաղորդում էր ներկայացրել՝ դրան կցելով աղբամաններից հայտնաբերված սկանդալային փաստաթղթեր, որոնք, ըստ իրենց, վկայում են, որ Երևանի ավագանու մայիսի 14-ի ընտրություններում ՀՀԿ-ի կողմից ընտրակաշառքների բաժանումը կրել է համակարգված և կենտրոնացված բնույթ:

«Հիմա հանցակազմ կա՞, թե՞ չկա: Կա, իհարկե, հանցակազմ էլ, հանցադեպ էլ: Համաձայն չենք որոշման հետ, վիճարկելու ենք այդ որոշումը Դատախազին, այնուհետև՝ դատարան, որովհետև Դատախազն իրավական պաշտպանության արդյունավետ միջոց չէ Հայաստանում»,- մեզ հետ զրույցում ասաց Արտակ Զեյնալյանը:

Մեր այն հարցին, թե՝ մինչև դատարան դիմելն ի՞նչ ակնկալիքներ ունեիք, Ա. Զեյնալյանն այսպես պատասխանեց. «Իրավական պաշտպանության միջոցները սպառելու և մեկ անգամ ևս ներկայացնելու և ցույց տալու իրենց ձևական և ոչ արդյունավետ գործունեությունը»:

Տեսանյութեր

Լրահոս