Թրամփի աջակցման վարկանիշը հասել է նոր նվազագույն ցուցանիշի
Ամերիկացիների կողմից ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի աջակցման վարկանիշը նվազել է մինչեւ 33 տոկոս եւ ամենացածր ցուցանիշին հասել հունվարի 20-ին Վաշինգտոնում նրա պաշտոնակալության պահից ի վեր:
Այդ մասինվկայում են հասարակական կարծիքի հարցման՝ օգոստոսի 2-ին հրապարակված արդյունքները: Հարցումն անցկացրել է Քվինիփեքսի համալսարանը:
Ինչպես պարզել են հետազոտողները, հարցվածների 61 տոկոսը հայտարարել է, որ դժգոհ է այն բանից, թե Թրամփն ինչպես է կատարում նախագահի պարտականությունները, 33 տոկոսը հակառակ տեսակետն ունի, մնացածները չեն կարողացել կամ հրաժարվել են պատասխանել առաջադրված հարցին: Հունիսի 29-ին համալսարանը հրապարակել էր նախորդ հարցման արդյունքները:
Դրանց համաձայն՝ նախագահի աշխատանքից դժգոհողների եւ դրան հավանություն տվողների հարաբերակցությունը կազմում էր 55 տոկոս առ 40 տոկոս: Այն պահին դա Թրամփի աջակցման ամենացածր ցուցանիշն էր: Այժմ հարցվածների 62 տոկոսը (34 տոկոսի դիմաց) անազնիվ է համարում պետության ղեկավարին: Հարցվածների 63 տոկոսը (34 տոկոսի դիմաց) համարում է, որ Թրամփը չունի իսկական առաջնորդի որակներ, իսկ 59 տոկոսը (39 տոկոսի դիմաց) գտնում է, որ նրան չեն հուզում շարքային ամերիկացիների խնդիրները:
Հետազոտությունն ամբողջ երկրում հեռախոսով անցկացվել է հուլիսի 27-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակաշրջանում: Հարցմանը մասնակցել են ձայնի իրավունք ունեցող 1125 ամերիկացիներ: Վիճակագրական անճշտությունը կազմում է 3,4 տոկոսային կետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: