Պայթյուն Երևանում. կա զոհ. վիրավորված քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է
Օգոստոսի 2-ին, ժամը 20:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի ինժեներասակրավորական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Դեպքի վայրում են գտնվում օրվա պատասխանատու Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ փ/ծ գեներալ-մայոր Ն. Նազարյանը և ՃԿԱԿ պետ փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը:
Պարզվել է, որ Ռ. Մ.-ին պատկանող թիվ 56/2 տան բակում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով 1997 թ. ծնված Ա. Ե.-ը և 1985 թ. ծնված Ն. Ե.-ը տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Ն. Ե.-ը մահացել է, իսկ Ա. Ե.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:
Դեպքի վայրում հայտնաբերվել է 2 ական, որոնցից մեկը՝ մասնատված:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և ապահովել անհրաժեշտ լուսավորություն: