«Դե, դա իր խնդիրն է, թող լավ տեղյակ լինի». Հրաչ Բերբերյանը՝ Գյուղատնտեսության փոխնախարարին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնեց, որ վաղվանից օդի ջերմաստիճանը գնալով բարձրանալու է և հասնելու մինչև 42 աստիճանի: Ավելին, նա նշեց, որ ամբողջ օգոստոս ամիսը լինելու է այդ տաք հոսանքների ազդեցության ներքո:
168.am-ը Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում օդի ջերմաստիճանի բարձրացումը գյուղատնտեսության համար: Ի պատասխան՝ նա ասաց.
«Արդեն ունենք երաշտ Տավուշի գոտում, Շիրակում: Ոռոգման համակարգը բարեփոխումների այդպես էլ չտարան, որը հանձնարարել էր ՀՀ նախագահը, դոփում ենք տեղում, ոչ մի լուրջ բան չենք անում այդ առումով: Առատ ձյունից հետո չէր կարող պատահել, որ մեր ջրամբարները լիքը չլինեին, տարբեր մեկնաբանություններ են անում, թե՝ ջուրը ցնդել է, լավ չի եղել, այդ հեքիաթներին վաղուց ենք ծանոթ, այնպես որ, վիճակը սա է: Սխալ կազմակերպված ոռոգման համակարգ ունենք»:
Հարցին, թե՝ գալիք ավելի տաք օրերի ընթացքում ի՞նչ կարող է անել գյուղացին՝ բերքը փրկելու համար, Հ. Բերբերյանն այսպես պատասխանեց. «Միայն ոռոգումը կարող է բերքը փրկել: Ուրիշ ոչինչ չի կարելի անել»:
Մեր դիտարկմանը, թե Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանն ասում է՝ միայն Արարատյան դաշտավայրի Արմավիրի հատվածն է վտանգավոր այդ առումով՝ մեր զրուցակիցն այսպես պատասխանեց.
«Դե, դա իր խնդիրն է, թող լավ տեղյակ լինի: Մենք ունենք մեր տվյալները: Մեր տվյալներով՝ Շիրակում շատ ծանր վիճակ է, ինչպես նաև՝ Տավուշում: Ընդհանրապես հանրապետությունում վիճակը ծանր է, բայց հատկապես այդ տարածքներում, ուղղակի երևի Արարատյան հարթավայրը քաղաքին մոտ է, իրենք այդտեղի տվյալները մենակ ունեն, մենք ամբողջ հանրապետությունում ենք աշխատում»: