Բաժիններ՝

«Այս պահին վտանգավոր է համարվում Արարատյան դաշտավայրի Արմավիրի հատվածը». Գյուղատնտեսության փոխնախարար

«Ամբողջ օգոստոս ամսին այդ ջերմային ցիկլոնը շարունակելու է ակտիվ լինել, պարբերաբար մենք գտնվելու ենք դրա ազդեցության գոտում։ Իհարկե, կլինեն որոշ օրեր, որ օդի ջերմաստիճանը մի քիչ կնվազի, բայց հիմնականում ողջ ամսվա ընթացքում բարձր ջերմային ֆոնը հանրապետության տարածքում պահպանվելու է»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը նկատեց, որ երեկոյան ժամերին և ամբողջ գիշեր ջերմաստիճանն ամենատաք վայրերում չի գերազանցելու 26 աստիճանը, ինչը նշանակում է՝ ամբողջ գիշեր բույսերի համար զով է լինելու, և ջերմաստիճանը չի հասնում այն կրիտիկականին, որ բույսի աճը դանդաղելու է կամ կանգնելու է:

«Ես հորդորում և խնդրում եմ մեր հողօգտագործողներին, որ բուժման աշխատանքներն այգիներում հիմնականում կատարեն վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան, ոչ օրվա հատվածներում, թե չէ՝ կունենանք հակառակ էֆեկտը, համապատասխան բուժանյութերի գոլորշիացումը կակտիվանա և էֆեկտիվությունը կլինի ցածր: Պետք է ունենան պաշտպանիչ միջոցներ, սպիտակ զգեստներ, գլխաշորեր, պաշտպանված լինեն արևի ճառագայթներից: Որպեսզի հավաքված բերքը հետագայում չվնասվի, հորդորում ենք բերքահավաքի ընթացքում բերքը պահել ստվերում, նկուղներում կամ այգիներում ունեցած տնակներում, ստվերոտ հատվածներում, ծածկել համապատասխան ճյուղերով և կանաչ զանգվածով»,- նշեց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ այն վայրերում, որտեղ չունեն ոռոգման ջրի խնդիր, հնարավորության դեպքում պետք է արդյունավետ կազմակերպեն ոռոգումը, ինչքան հնարավոր է՝ օգտագործեն ջուրը գիշերային ժամերին.

«Խնդրում եմ մեր հողօգտագործողներին, որ ոռոգման աշխատանքների կազմակերպման ժամանակ հիմնականում իրար զիջելով, իրար օգնելով՝ ջուրն առաջնահերթ տան այն հողօգտագործողներին, որոնց մոտ կան հիմնականում բանջարաբոստանային մշակաբույսեր, որոնց արդեն այս ջերմաստիճանը կվտանգի: Ճիշտ է, պարոն Սուրենյանը կանխատեսման առումով ասաց, որ սպասվում են ավելի շոգ եղանակներ, բայց հուսանք, որ գուցե մեկ այլ հոսանք մոտ ժամանակներս կմտնի հանրապետություն հակառակ ուղղությամբ»:

Լրագրողի դիտարկմանը, թե՝ հանրապետության շատ հատվածներում ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ կան, փոխնախարարն այսպես արձագանքեց. «Քիչ առաջ եմ խոսել Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ, այս պահին վտանգավորը համարվում է Արարատյան դաշտավայրի Արմավիրի հատվածը, հիմնական խնդիրն այնտեղ է, փորձում ենք հնարավորության սահմաններում այնպես անել, որ գոնե եղած մշակաբույսերը, բույսը, մթերքը շարքից դուրս չգան, ապահովենք գոնե նվազագույն ջրով: Մնացած մարզերում խնդիրը համեմատաբար մեղմ է»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս