«Խաղադրույքը մեծանում է, և Հայաստանի ու Ադրբեջանի վրա ազդեցություն ունենալու ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու ՌԴ-ի պայքարը նույնպես կմեծանա»
Հարցազրույց Ռուսաստանի Քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար Կոնստանտին Կալաչովի հետ
– Պարոն Կալաչով, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները սրընթաց վատթարանում են։ ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր փաթեթը և Ռուսաստանի հակամիջոցառումներ 2 միջուկային գերտերությունների հարաբերություններն էլ ավելի են մոտեցրել անդունդի եզրին։ Ձեր կարծիքով՝ ԱՄՆ-ը ու ՌԴ-ն արդեն հատե՞լ են սահմանը, թե՞ դեռ հնարավոր է փրկել հարաբերությունները։
– Ես կարծում եմ, որ այդ մերժողական հարաբերություններում եղել են էլ ավելի վատթար ժամանակներ։ Ըստ էության, կողմերն արդեն փոխանակվել են «սիրալիրություններով», ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ նոր պատժամիջոցները պետք է Ռուսաստանին պարտադրեն որոշակի զիջումների գնալ, և այդ պատժամիջոցները միտված են ոչ թե՝ հարաբերությունները վատացնելուն, այլ՝ որպեսզի ստիպեն Ռուսաստանին քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելու համար։ Ակնհայտ է, որ ոչ մի գործարք Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև չի կայանա։
Մյուս կողմից՝ եթե նայենք, թե ինչ է հայտարարում ամերիկյան կողմը, մասնավորապես՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փենսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները կնորմալանան, ինչը ձեռնտու է երկու երկրներին, և խոսքը, ըստ էության, այն մասին է, որ այդ պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը զիջումների կգնա Ուկրաինայի հարցում։ Իրականում, կարծում եմ, որ, եթե Թրամփը ստորագրի Ռուսաստանի, Իրանի և Հյուսիային Կորեայի դեմ Կոնգրեսի կողմից հաստատված պատժամիջոցները, ապա հետո չի կարողանա միանձնյա չեղարկել։
Մեղադրանքների բնույթը մեզ հայտնի է։ Իրականում ԱՄՆ նախագահն ու փոխնախագահն ասում են, որ իրենց չի գոհացնում Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի իշխանությունների վերաբերմունքը և Հյուսիսային Կորեայից վտարանդիների աջակցումն Իրանում, ըստ էության, Մոսկվայի վարքը բնորոշվում է՝ որպես իրավիճակը ապակայունացնող ակտիվություն, սակայն բոլորը հայտարարում են, որ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները կարգավորելու հնարավորություն կա, և դա 2 պետությունների շահերից է բխում՝ հանուն խաղաղության։ Բայց իրականում հասկանալի է, որ Վլադիմիր Պուտինի իշխանության օրոք ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում ոչ մի էական փոփոխություն տեղի չի ունենա։
Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա ես իրավիճակը չէի բնորոշի՝ որպես սառը պատերազմ, այսինքն՝ ավելի խիստ պատժամիջոցներ են եղել ԽՍՀՄ ժամանակաշրջանում։ Ռուսաստանի բնակչության մեծամասնության համար այդ պատժամիջոցներն աննկատ կմնան։ Այդ պատժամիջոցները, կարծես, սահման են դարձել Ռուսաստանի աշխատավոր ժողովրդի և էլիտայի միջև։ Ակնհայտ է, որ պատժամիջոցները կազդեն էլիտայի վրա, հատկապես, երբ խոսքը գնա ունեցվածքի մասին պարբերական զեկուցումների վերաբերյալ։
Պարզ է, որ Պուտինի վրա ճնշումներ կլինեն իր մերձավոր շրջապատից, բայց ես կարծում եմ, որ Ռուսաստանում դրան պատրաստ էին։ Ռուսաստանում հույս ունեն, որ ԱՄՆ-ը և նրա մերձավոր դաշնակիցը՝ ԵՄ-ն, կպառակտվեն, որովհետև, եթե պատժամիջոցների մասին նոր օրինագիծն ուժի մեջ մտնի, ապա այն կտարածվի ոչ միայն՝ Ռուսաստանի, այլև՝ արևմտյան ընկերությունների վրա, որոնք մասնակցում են Մոսկվայի հետ համատեղ նախագծերում։
Օրինակ՝ դա կազդի «Հյուսիսային հոսք 2» նախագծի վրա, ապագայում՝ ծովային նախագծերի վրա։ Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը պատրաստվում է ուղղակի համբերությամբ զինվել։ Հետաքրքիր է, թե ինչքան տարբեր է եղել 2 երկրների նախագահների արձագանքը, մասնավորապես՝ ՌԴ նախագահ Պուտինը հարցազրույցում հայտարարել է, որ հույս չունի, թե ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն, որ նա չափից երկար է դրան սպասել, և Ռուսաստանը ցավում է իրավիճակի համար, իսկ ԱՄՆ նախագահ Թրամփն ասել է, թե հույս ունի հարաբերությունների բարելավման, բայց ամեն ինչ կախված է առաջին հերթին՝ պայմանագրերի կամ հնարավոր նոր պայմանագրերի կատարումից, որոնք ուղղված կլինեն Ուկրաինայում էսկալացիայի թուլացմանը կամ վերացմանը։
– Ի՞նչ եք կարծում՝ Պուտինը պատրա՞ստ է ռուսական էլիտայի ընդվզմանը, կամ այդ էլիտան ընդհանրապես կընդվզի՞։
– Ոչ մի ընդվզում էլ չի լինի։ Չկա որևէ մեկը, որ կընդվզեր։ Հաշվարկը, որ հնարավոր կլինի ճնշել ռուսական էլիտային, ճիշտ չէ։ Այդ էլիտան ամեն ինչով պարտական է Վլադիմիր Պուտինին և հասկանում էր, թե ինչ վտանգներ կարող են լինել։ Ամեն դեպքում, այն տանջանքները, որ սպասվում են նրանց, դրանք ամեն ինչից զրկված մարդու տանջանք չեն լինի, երբ մարդը զրկված է սննդից, աշխատանքի կամ իր գոյությունը պահպանելու հնարավորությունից։ Այլ կերպ ասած՝ նրանց ամեն ինչ այդքան էլ դժվարությամբ չի տրվել, որ ապագա կորուստների համար մեծ ցավ ապրեն։ Ես կարծում եմ, որ ռուսական էլիտայի պառակտման հույսերը բացարձակապես սին են։
– Եվրամիությունն առաջինն է դեմ արտահայտվել ամերիկյան նոր պատժամիջոցներին, բայց ԵՄ-ն ինքն էր որոշ ժամանակ առաջ երկարաձգել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները։ Այժմ ո՞րն է այդպես կտրուկ դեմ լինելու պատճառը։
– Եվրամիությունը ենթադրում է, որ պատժամիջոցների միջոցով ԱՄՆ-ը առաջ է տանում իր տնտեսական շահը, օրինակ՝ իր հեղուկ գազը եվրոպական շուկայում իրացնելու ծրագրերը։ Պայմանականորեն ասած՝ պատժամիջոցները ոչ միայն քաղաքական խնդիրների լուծման գործիք են, այլ նաև դրանց միջոցով լուծվում են ամերիկյան այն տնտեսական խնդիրները, որոնք Եվրոպայի շահի հետ ոչ միշտ են համընկնում։ Այսինքն՝ եթե Եվրոպան ընտրության հնարավորություն ունենա՝ գնելու ռուսական ավելի էժան գազը, թե ամերիկյան թանկարժեք հեղուկ գազը, ապա կնախընտրեր ռուսական մատակարարումները, քանի որ դրանք ավելի մոտ են և ավելի էժան։
Այսինքն՝ դիվերսիֆիկացիան ենթադրում է ընտրության հնարավորություն։ Եվ ես կարծում եմ, որ այստեղ տնտեսական շահերը շատ լուրջ դեր ունեն, որովհետև ԱՄՆ-Ռուսաստան առևտրաշրջանառությունն իրականում բավականին փոքր է, երկու երկրների տնտեսական կապերը մեծ դերակատարում չունեն ո՛չ Ռուսաստանի, ո՛չ ԱՄՆ-ի համար։ Իսկ Ռուսաստանի և ԵՄ-ի տնտեսական կապերը մեծ դերակատարում ունեն երկու կողմի համար էլ։
– Ամերիկյան նոր պատժամիջոցներն ի՞նչ ազդեցություն կունենան ԵԱՏՄ-ի վրա, և կարո՞ղ եք համեմատական անցկացնել, թե դրանք ինչպե՞ս կազդեն Հայաստանի ու Ադրբեջանի վրա։
– Խնդիրը բոլորովին էլ պատժամիջոցները չեն, այլ այն, թե ինչ տնտեսական իրադրություն կլինի Ռուսաստանում, քանի որ դա էլ իր հերթին՝ ազդում է ԵԱՏՄ երկրներում տնտեսական իրադրության վրա։ Դեռևս ամեն ինչ ծայրահեղ չէ։ Բայց պարզ է, որ Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքը մեծամասամբ պայմանավորվում է նրանով, թե որքանով է ռուսական տնտեսությունը կայուն, ինչպես կարձագանքի ճգնաժամին։ Այսինքն՝ ճգնաժամը Ռուսաստանում արտացոլվելու է նաև Հայաստանում։
Փաստորեն, կառավարությունների ծրագրերը, հնարավոր է, չկատարվեն, քանի որ տնտեսական կոնյունկտուրան բարենպաստ չի լինի։ Հաշվի առնելով հայ-ադրբեջանական շփման գծում վերջին սրացումները, ռազմական գործողությունների ակտիվացումը, պարզ է, որ կրքերը թեժանում են, և ակնհայտ կերպով այդ ամենը կկապվի նաև Ռուսաստանում ներքին իրադրության հետ։
Նույն Ադրբեջանը, օրինակ, Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների սրացման ժամանակ ցանկանում էր ոչ միայն՝ ակտիվ միջնորդի դեր ստանձնել, այլ նաև՝ ուզում էր հանդես գալ՝ որպես տնտեսական գործընկեր, որը կարող է լրացնել ռուսական մթերային շուկայում առաջացած բացը։ Հասկանալի է, որ, եթե խաղադրույքները մեծանում են, եթե Ռուսաստանի և որևէ երկրի տնտեսական հարաբերությունները լավագույն ժամանակները չեն ապրում, միշտ գտնվում է մեկը, որ փորձում է լրացնել այդ բացը, քանի որ սուրբ տեղը դատարկ չի մնում։ Եվ Ադրբեջանը, կարծում եմ, շատ ակտիվացել է Ռուսաստանի հետ հարաբերություններում, նաև մեծ հույսեր է կապում Ռուսաստանի հետ Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում։
Բայց կարծում եմ՝ ոչ մի կտրուկ փոփոխություն չի լինի։ Ռուսաստանի տնտեսական հարաբերությունները կշարունակեն զարգանալ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ, բայց խոսել լուրջ փոփոխությունների մասին չի կարելի։ Ստատուս-քվոն, ներկա իրավիճակը, կարծում եմ՝ Ռուսաստանին լիովին ձեռնտու է։ Ակնհայտ է, որ ՌԴ ղեկավարությունը չի ցանկանում որևէ ճակատագրական քայլեր ձեռնարկել, զոհել որևէ կողմի հետ հարաբերությունները՝ հանուն մյուս կողմի։
Կարծում եմ՝ այս իրավիճակում որոշիչ կլինի այն, թե, օրինակ՝ որքան կբավարարի Ադրբեջանի համբերությունը։
ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունների լարվածությունը Հայաստանի վրա կարտացոլվի նրանով, որ կողմերն ավելի շատ կփորձեն մեծացնել իրենց ազդեցությունը Հայաստանում։ Հասկանալի է, որ Հայաստանում կան տարբեր կարծիքներ ազգային շահի մասին, հասկանալի է, որ կան մարդիկ, որոնք կարծում են, որ այն, ինչ շահավետ է Ռուսաստանի համար, ոչ միշտ է շահավետ Հայաստանի համար։ Կարծում եմ՝ խնդիրը ոչ այնքան տնտեսական է, քանի որ ԵԱՏՄ-ի միջոցով ՌԴ-ն սահմանում է խաղի կանոնները, և Հայաստանն այդ իրավիճակում կտուժի, կարող են խնդիրներ ծագել։ Կարծում եմ՝ այստեղ քաղաքական բաղադրիչ կա, այսինքն՝ խաղադրույքը մեծանում է, և Հայաստանի ու Ադրբեջանի վրա ազդեցություն ունենալու պայքարը նույնպես կմեծանա, իսկ այդ պայքարում, հասկանալի է, որ կան թե՛ եվրոպական շահեր, թե՛ ամերիկյան, թե՛ ռուսական։ Արդյունքում՝ այդ ամենը կարող է հանգեցնել քաղաքական գործընթացների սրացումների։
Կարծում եմ, որ Հարավային Կովկասում գործընթացները կակտիվանան, ԵՄ-ն արդեն փաստացի ակտիվացել է։ Յուրաքանչյուր կողմը կձգի դեպի իրեն։ Ինչ վերաբերում է պատկերների գրավչությանը, ապա, եթե ՌԴ-ի և Ադրբեջանի ռեժիմները նման են, ինչը պայմաններ է ստեղծում Պուտին-Ալիև փոխհամագործակցության համար, ապա Հայաստանում քաղաքական համակարգը քիչ այլ է, և դա կարող է իր դերն ունենալ։