«Մենք ուզում ենք, որ կառավարի, վերահսկի մի կառույց, որպեսզի առաջանա համապատասխան աշխատանքային շահերի բախում». Կարեն Կարապետյան
Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ անտառային ոլորտի համալիր բարեփոխումների խնդրին:
Ըստ նրա` անտառային ոլորտի մշակված հայեցակարգը բավարար լուծումներ չի նախատեսում անտառների պահպանության, ապօրինի ծառահայտույների դեմ պայքարի և առկա կառույցների կառավարման խնդրիների մասով:
Վարչապետը գյուղատնտեսության, բնապահպանության և տարածքային կառավարման ու զարգացման նախարարներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել անտառային ոլորտի բարեփոխումների լրամշակված նախագիծ` առաջարկելով նաև օրենսդրական լուծումներ, նաև հստակ տարանջատելով անտառօգտագործման և անառպահպանման խնդիրները:
«Մենք ունենք անտառային տնտեսությամբ զբաղվող մի քանի կառույցներ, որտեղ գործառույթները հստակ տարանջատված չեն: Մենք ուզում ենք, որ կառավարի մի կառույց, վերահսկի մի կառույց, որպեսզի առաջանա համապատասխան աշխատանքային շահերի բախում, որի արդյունքում նպաստավոր պայմաններ կստեղծվեն»,- ասաց Կ.Կարապետյանը: