Ըմբշամարտի և ջրացակտի Հայաստանի հավաքականի անդամները զինվորական ծառայությունից ազատվում և տարկետում են ստանում
ՀՀ կառավարությունը պարտադիր զինվորական ծառայությունից կազատի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ըմբիշ, 2016 թվականի օլիմպիական խաղերի 5-րդ մրցանակակիր և 2017 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Լևան Վախթանգի Բերիանիձեին և մինչև 2020 թվականը տարկետում կտրամադրի ջրացատկորդ Վարտան Բայադուրյանին: Այդ մասին որոշման նախագծերն ընդգրկված են կառավարության հուլիսի 27-ի նիստի օրակարգում:
Հիմնավորման համաձայն, Լևան Բերիանիձեի 27 տարին լրանում է 2017 թվականի հոկտեմբերի 10-ին, հնարավոր չէ նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ կամ երկարաձգել տարկետման ժամկետը։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել ազատել նրան պարտադիր զինվորական ծառայությունից՝ 2017 թվականի աշխարհի և 2018 թվականի Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին լավագույնս նախապատրաստվելու և մասնակցելու համար:
Լևան Վախթանգի Բերիանիձեն հաշվառված է Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:
Հայաստանի Նախագահի 2017 թվականի ապրիլի 12-ի հրամանագրով Վարտան Սարկիսի Բայանդուրյանին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն՝ ջրացատկի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին ջրացատկի Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու համար: Վարտան Բայանդուրյանը բարձրակարգ մարզիկ է և 10 մ աշտարակացատկեր վարժությունում ի զորու է ձեռք բերելու 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշ:
Բայանդուրյանը գրանցված է Երևանում՝ Աբովյան 9 հասցեում, և հաշվառված է Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում: