Բաժիններ՝

«Ճշտում են՝ ով ում բարեկամն է, և ազատում աշխատանքից». Հրաչ Բերբերյան

Ագրարագյուղացիական  միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը 168.am-ի հետ զրույցում նկատեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անվտանգության խորհրդի վերջին նիստում բարձրաձայնել է բոլոր այն խնդիրները, որոնց մասին իրենց միավորումը տարիներ շարունակ խոսում էր.

«Նախագահը խոսեց ոռոգման համակարգի բարելավման, հակակարկտային ծառայության և այլ կարևոր խնդիրների մասին։ Բայց այդ բարեփոխումները տեղի չեն ունենա, քանի որ այն մարդիկ, որոնք պետք է անեն այդ բարեփոխումները, այսօր բնագավառը չեն էլ պատկերացնում»։

Մեր ճշտող հարցին՝ գյուղատնտեսության նախարարի՞ն նկատի ունի, նա պատասխանեց.

«Ընդհանրապես, համակարգում այսօր ահազանգեր ենք ստանում, որ ճշտում են՝ ով ում բարեկամն է, և ազատում աշխատանքից։ Համենայնդեպս, այդպիսի տեղեկություններ ունենք, ուղղակի այս պահին չենք ուզում մանրամասնել։ Այսինքն՝ այստեղ էլ դրված է ոչ թե երկրի հարցը, այլ մերոնք-ձերոնք հարցը, որը մեր երկրի համար անընդունելի է»։

Բերբերյանն ընդգծեց՝ տարվա սկզբին հայտարարվում է, թե գյուղացին ինչ ցանի՝ կվերցնենք, բայց հիմա գյուղացին կանգնել է փաստի առաջ.

«Տեսեք՝ քանի տոննա վարունգ շաղ տվեցինք, երեկ քննարկում էինք, որ կարող էինք 30-50 դրամով բանակին թթու վարունգ վաճառել, և դա ավելի օգտակար կլիներ։ Թթու դնելը մեծ ծախսեր չէր պահանջում, և՛ մեր գյուղացին մի երկու կոպեկ գումար կաշխատեր, և՛ մեր բանակը կունենար սննդամթերք՝ մատչելի գնով։ Դա չարվեց, որովհետև դեմագոգիայով են զբաղված, ասում են՝ ինչո՞ւ են բերքը ցանել, որ հիմա էլ այս վիճակը լինի։ Ինչպե՞ս կարելի է այդպես մոտենալ այդ հարցերին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս