«Ռուսաստանն իր հետաքրքրություններն ունի Ադրբեջանում և պատրաստ չէ դրանք սպանել՝ հանուն Հայաստանի». Ալեքսանդր Իսկանդարյան
«Արցախյան հակամարտությունը կարևորությամբ աշխարհի համար ոչ առաջինն է, ոչ՝ երկրորդը, ոչ էլ՝ հինգերորդը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով կարծիքներին, որ, եթե միջազգային հանրությունն ուզենար, կլուծեր արցախյան հակամարտությունը:
«Մենք այստեղ նստած՝ գերագնահատում ենք մեր նշանակությունը: Աշխարհում հիմա արցախյան հակամարտության նման 50-ից ավելի հակամարտություն կա. հակամարտություններ, որոնք, կարելի է ասել, ավելի լուրջ ու կարևոր են միջազգային հանրության համար»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այն կարծիքները, թե ամբողջ աշխարհը թողնելու է բոլոր խնդիրներն ու գալու է Արցախ՝ իրատեսական չեն:
«Այո, եթե բոլորը գային, խնդիրը կլուծվեր, բայց նրանք չեն գալու»,- ասաց քաղաքագետը:
Նա ընդգծեց` այսպիսով իրավիճակը հակամարտության գոտում կմնա մոտավորապես այնպիսին, ինչպիսին կա հիմա. «Աշխարհն աշխատում է Ղարաբաղում քաղաքական գործիքներով: Քաղաքական գործիքները բավարար չեն, իսկ այլ գործիքներով աշխարհը չի աշխատելու»։
Ըստ նրա՝ երկակի ստանդարտները համաշխարհային քաղաքականության նորմ են.
«Եռակի, քառակի և այլ ստանդարտներ էլ են լինում։ Իհարկե, Ռուսաստանն իր հետաքրքրություններն ունի Ադրբեջանում և պատրաստ չէ դրանք սպանել՝ հանուն Հայաստանի։ Իր հետաքրքրություններն էլ Հայաստանում նա պատրաստ չէ սպանել հանուն Ադրբեջանի. այդպես եղել է և այդպես կշարունակվի»։