«Միջազգային կառույցները պետք է շատ կոշտ արձագանքեն Լապշինի ձերբակալությանը»
Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հրապարակվել է ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավճիռը: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, դատարանը վճռել է Լապշինին դատապարտել երեք տարվա ազատազրկման:
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից 168.am-ը հետաքրքրվեց` արդյո՞ք այս քայլով Ադրբեջանը չի փորձում ցույց տալ, որ իր «սև ցուցակներն» արժեք ունեն, և ըստ այդմ՝ վախեցնել մարդկանց, որպեսզի չայցելեն Արցախ։
Մեր զրուցակիցը նախ նշեց, որ, եթե իրավական, քաղաքական, մարդասիրական տեսանկյունից ենք դիտարկում, ապա Ադրբեջանի պահվածքը ֆաշիստական է. «1930-ականներին Գերմանիայում նույն կերպ էին վարվում։ Նման անմարդկային, աննորմալ պահվածքը չի կարող բացասական ազդեցություն չունենալ Ադրբեջանի վարկանիշի, այդ պետության նկատմամբ հանրային կարծիքի ձևավորման վրա»։
Ինչ վերաբերում է նման քայլերի հավանական ազդեցությանն Արցախ այցելող մարդկանց վրա, Բաբայանը նշեց, որ դրանք որևէ ձևով չեն սահմանափակի Արցախ այցելողների քանակը. «Եթե խոսում ենք զբոսաշրջության մասին, ապա ամենաբարձր ցուցանիշը 2015թ. է արձանագրվել, 2016թ. ապրիլյան պատերազմի հետևանքով զբոսաշրջիկների թիվը մի փոքր նվազել է, բայց 2017թ. արդեն զբոսաշրջիկների քանակը 46%-ով գերազանցում է՝ 2016թ., և 26%-ով՝ 2015թ. առաջին կիսամյակի տվյալները։ Այսինքն՝ ընդհակառակը՝ Արցախ այցելողների թիվը գնալով շատանում է՝ անկախ նրանից՝ ուզո՞ւմ է Ադրբեջանը դա, թե՞ ոչ։ Նման խոչընդոտները, ընդհակառակը, էլ ավելի են խթանում Արցախ այցելող մարդկանց քանակը։ Մենք բացասական ենք վերաբերվում նրան, թե ինչպիսի տանջանքների են ենթարկում Լապշինին, բայց համոզված եմ, որ Ադրբեջանի «սև ցուցակները» միմիայն խթանում են Արցախ այցելող մարդկանց քանակը»։
Միջազգային կառույցները, ըստ Բաբայանի՝ պետք է շատ կոշտ արձագանքեն Լապշինի ձերբակալությանը. «Եթե դա չանեն, կնշանակի, որ միջազգային կառույցները պարզապես չեն հետաքրքրվում մարդասիրական խնդիրներով, և իրենց շատ ավելի է հետաքրքրում խավիարի համը, քան այդ մարդկանց տառապանքները»։
Բաբայանն ընդգծեց՝ Լապշինի առողջությունը վտանգված է Ադրբեջանում. «Նրան, իհարկե, ենթարկելու են տարբեր բռնությունների։ Բոլորս պետք է ոտքի կանգնենք, որ միջազգային կառույցներն անընդհատ հետևեն նրա առողջությանը։ Ադրբեջանը միշտ էլ հայտնի է իր աննորմալ պահվածքով։ Որոշ տվյալների համաձայն՝ այնտեղ հարյուրավոր հայ գերիներ են պահվել՝ որպես հանցագործներ, որպեսզի միջազգային հանրության տեսադաշտից դուրս լինեն, հայերի օրգաններն են վաճառում, և այլն։ Պարզապես պետք է ողջ միջազգային կառույցները Լապշինին աչքաթող չանեն»։