
Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Սիմոն Սենեկալին կտրվի զինվորական ծառայության տարկետում

ՀՀ կառավարությունը մինչև 2018 թվականի ամառային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտա գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Սիմոն Պրուլկս Սենեկալին: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հուլիսի 20-ի նիստի օրակարգում:
Որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ Նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել Սիմոն Պրուլկս Սենեկալին: Նա մասնակցելու է գեղասահքի 2018-2019 թվականների Եվրոպայի և աշխարհի առաջնություններին և 2018 թվականին Կորեայում անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերին:
Վերոնշյալից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել Սենեկալին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ մինչև 2018 թվականի ամառային զորակոչը:
Սիմոն Պրուլկս Սենեկալը հաշվառված է հանրապետական զինվորական կոմիսարիատում: