
«Ամբողջ աշխարհում բոլորը սիրում են մի փոքր #MickiMagic». Մխիթարյանի հսկայական նկարը՝ LA Galaxy-ի հետ խաղում

«Մանչեսթեր Յունայթեդը» Կարսոն քաղաքում տեղի ունեցած ընկերական խաղում 5:2 հաշվով հաղթեց «Լոս Անջելես Գելեքսիին»:
Արդեն 2-րդ րոպեին Մարկուս Ռաշֆորդը բացեց խաղի հաշիվը, իսկ հետո դուբլ ձևակերպեց: Մարուան Ֆելաինին ամրապնդեց իր թիմի հաջողությունը 26-րդ րոպեին, իսկ ընդմիջումից հետո գոլերի հեղինակ դարձան նաև Հենրիխ Մխիթարյանը և Անտոնի Մարսիալը:
Խաղի վերջում Ջովանի Դոս Սանտոսը 2 գոլ խփեց «Մանչեսթեր Յունայթեդին», բայց դրանից ավելի «Գելեքսին» ոչինչ անել չկարողացավ:
Մանչեսթերյան ակումբի պաշտոնական թվիթերյան էջը կիսվել է լուսանկարով, որտեղ երկրպագուները գնում են խաղադաշտ Հենրիխ Մխիթարյանի մեծ դիմանկարով: Լուսանկարի նկարագրությունում գրված է.
«Ամբողջ աշխարհում բոլորը սիրում են մի փոքր #MickiMagic»:
Հիշեցնենք, որ Մխիթարյանին ակումբի երկրպագուները դիմում են Միկի, իսկ նրա խփած գեղեցիկ գոլերն ու փոխանցումները՝ Միկի կախարդանք:
Սիրարփի Աղաբաբյան