Բաժիններ՝

«Քաղհասարակությունն է, որ ինչ-որ բան է փոխում երկրում». Պյոտր Սվիտալսկի

Այսօր տեղի ունեցավ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ամենախոշոր ծրագրերից մեկի՝ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր ելույթում ասաց, որ ԵՄ-ն 2 մլն եվրո է տրամադրել այս ծրագրին. «Մենք ուրախ ենք, որ այս գումարը կօգտագործվի, որպեսզի զարկ տանք քաղաքացիական կազմակերպությունների ներուժին»։

Նրա խոսքով՝ հասարակական կազմակերպություններն առնչվում են մի շարք մարտահրավերների հետ. «Հասարակական կազմակերպությունների համար ֆինանսական առումով նոր ստեղծարար հնարավորություններ է բացում նոր օրենքը։ Հ/կ-ների մասին նոր օրենքի ընդունումը դրական զարգացում էր, որ տեղավորում է Հայաստանին հետխորհրդային երկրների ցանկի վերևում»։

Սվիտալսկին նշեց, որ այս ծրագրի կենտրոնում ընկած է երկխոսությունը, ինչը, ըստ նրա՝ շատ կարևոր է. «Երկխոսությունը հեշտ բան չէ, երբեմն շատ զգայական, շատ վախեցնող կարող է դառնալ, բայց առանց երկխոսության որևէ բանի չես հասնի։ Հիմնականում, երբ խոսում ենք երկխոսության մասին, մտածում ենք պետության, կառավարման մարմինների և քաղհասարակության միջև երկխոսության մասին, ինչը շատ կարևոր է, և ուրախ եմ նշել, որ որոշ նոր գաղափարներ են շրջանառության մեջ դրվել կառավարությունում առ այն, թե ինչպես զարգացնել երկխոսությունը քաղհասարակության հետ։ Քաղհասարակությունն ինքնին դժվար երևույթ է, նրա հետ գործ ունենալը դժվար է, բայց քաղհասարակությունն է, որ ինչ-որ բան է փոխում երկրում։ Հայաստանում ականատես ենք եղել մի շարք իրողությունների, որոնց ներքո քաղհասարակությունը շատ դրական, կառուցողական ազդեցություն է ունեցել»։

Դեսպանն ընդգծեց՝ քաղհասարակության ներսում երկխոսությունը ևս բարդ է, որովհետև, նրա խոսքով՝ հ/կ-ները երբեմն մրցում են միմյանց հետ․ «Երբ ԵՄ-ն հայտահավաք է հայտարարում ֆինանսավորման համար, ոմանք դժգոհ են լինում արդյունքներից, խնդիրներ են առաջանում, բայց մենք, ամեն դեպքում, հույս ունենք, որ այս ծրագրի ներքո կկայանան դաշինքներ, մեզ կհաջողվի նոր կամուրջ կառուցել հասարակական կազմակերպությունների միջև։ ԵՄ-ն հանձնառու է աջակցություն ցուցաբերել քաղհասարակության կազմակերպություններին»։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հ/կ-ի կողմից, գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» հ/կ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» հ/կ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հ/կ-ի, «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» հ/կ-ի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի հիմնական նպատակն է՝ մեծացնել Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացում, ինչպես նաև ուժեղացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներուժը՝ ոլորտային կոալիցիաներ կազմելու, կենտրոնական և տեղական իշխանությունների հետ համագործակցությունը զարգացնելու համար: Ծրագիրն ունի դրամաշնորհային բաղադրիչ, որի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիաներին: Ծրագրի թիրախային ոլորտները 9-ն են, այդ թվում՝ արդարադատությունը, կրթությունը, բիզնեսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս