Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը հանդիպել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրերի և փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հանդիպել է «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի և Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ:

Փառատոնի մասնակիցները Հանրապետության Նախագահի հետ զրուցել են «Ոսկե ծիրան»-ի անցած ուղու, ձեռքբերումների, ինչպես նաև այս տարվա փառատոնի մրցութային ծրագրերի մասին: 

Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնին, որում մասնավորապես ասված է.

«Ողջունում եմ «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի մասնակիցներին, հյուրերին և առանձնահատուկ շնորհակալություն հայտնում կազմակերպիչներին, որոնք հետևողականությամբ և նվիրվածությամբ ամեն տարի Երևանի և մայրաքաղաքի հյուրերի համար արարում են այս սպասված տոնը: 

Հայկական ամենահեղինակավոր այս կինոփառատոնը ոչ միայն հաճելի պահեր է պարգևում մեր հանդիսատեսներին, այլև կարևոր ուսուցողական նշանակություն ունի երիտասարդ արվեստագետների համար՝ գեղագիտական և աշխարհայացքային աճի տեսանկյունից: Այս փառատոնը նաև կոչված է ստեղծելու համապատասխան հոգևոր-մշակութային միջավայր և մթնոլորտ, առանց որոնց դժվար է պատկերացնել ստեղծագործական թռիչքներ:

Գոհունակությամբ ենք արձանագրում «Ոսկե ծիրանի» հավատարմությունը հայկական կինոյի պատմությանը և ավանդույթներին: Մեր դասական ժառանգությունը և ժամանակակից գործերը կարիք ունեն հանրահռչակման: Հայկական կինոարվեստը մենք մշտապես պետք է քննենք և դիտարկենք համաշխարհային և միջազգային համատեքստում:

Կրկին ողջունում եմ «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը, որ մեզանում դարձել է բարձր ճաշակի, ճշմարիտ արվեստի, ինչպես նաև խաղաղասիրության ու մարդասիրության գաղափարների կրող և մունետիկ»: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս