Շուրջ 75 տարի անհետ կորած համարվող հայազգի սերժանտի աճյունը Ուկրաինայից կտեղափոխվի Հայաստան
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում հուլիսի 12-ին տեղի է ունեցել կրտսեր սերժանտ Սեդրակ Աղաջանյանի աճյունը Հայաստանին հանձնելու արարողությունը: Զինծառայողը հերոսի մահով զոհվել էր 1941թ-ին Ժիտոմիրյան շրջանի Մալին քաղաքի մոտակայքում ընթացած մարտերի ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով AnalitikaUA.net-ին, այս մասին հայտնել է Ուկրաինայի Հայերի միության մամուլի ծառայությունը:
Սեդրակ Աղաջանյանի մնացորդները, ով անհետ կորած էր համարվում ավելի քան 75 տարի, հայտնաբերվել էին «Վերտիկալ» որոնողական կազմակերպության կողմից՝ 1941թ-ին Կիևի պաշտպանության սահմանագծին գտնվող գետի մոտակայքում: Աճյունի հետ միասին հայտնաբերվել էին նաև կողմնացույց, ժանգոտված դաշույն կաշվե պատյանում և երկու անձնական տարբերանշան, որոնց վրա նշված են Սեդրակ Աղաջանյանի անձնական տվյալները:
Հետագա որոնողական աշխատանքների ընթացքում պարզվել է, որ պատերազմի նախօրեին կրտսեր սերժանտ Աղաջանյանն ամուսնացել էր ուկրաինուհի, Կովելի բնակչուհի Գալյա Ժմույդեի հետ:
Աճյունի փոխանցման արարողությանը, որն անց է կացվել Ուկրաինայի ազգային ռազմա պատմական թանգարանում, մասնակցել են Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը, թանգարանի տնօրեն Վլադիսլավ Տարանեցը, Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը, «Վերտիկալ» որոնողական կազմակերպության ղեկավար Վլադիմիր Ժարկոն և այլոք:
Կազմակերպիչների խոսքով՝ Սեդրակ Աղաջանյանի աճյունը հուղարկավորվելու է հայրենիքում՝ Հայաստանում՝ իր մոր շիրիմի կողքին: