«Ադրբեջանը լավ է սերտել հիտլերյան Գերմանիայի դասերը և սեփական բնակչությանն օգտագործում է՝ որպես կենդանի վահան». Էդուարդ Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Արցախի հարցի, Ադրբեջանի վերջին շրջանի ակտիվացման և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին։

«Ադրբեջանը, մերժելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, այնտեղ ստանձնած պարտավորությունները, պարբերաբար սրում է իրավիճակը շփման գծում, իրականացնում է դիվերսիոն գործողություններ։ Իսկ վերջին շրջանի իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանի ղեկավարությունը շատ լավ է սերտել հիտլերյան Գերմանիայի դասերը և իր սեփական բնակչությանն օգտագործում է՝ որպես կենդանի վահան»,- նկատեց Շարմազանովը։

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին խոսելիս՝  Շարմազանովն ասաց, որ այդ հանդիպումից առանձնացրել է երեք կարևոր կետ.

«Առաջին՝ համանախագահները ևս մեկ անգամ վերահաստատում են բացառապես բանակցությունների միջոցով խնդրի կարգավորումը։ Երկրորդ՝ հայկական կողմը վերահաստատում է իր դիրքորոշումը, որ առանց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման՝ անհնար է առաջընթաց ապահովել բանակցություններում։ Երրորդ՝ Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական մոտեցումներն ու գործնականում չի իրականացնում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները»։

ԱԺ փոխնախագահն ընդգծեց՝ միջազգային հանրությունը պետք է ճանապարհներ փնտրի, որ Ադրբեջանը պայմանավորվածությունները կատարի. «Հայկական կողմը պետք է շարունակի իր կոշտ դիրքորոշումը»։

Նա հիշեցրեց նախագահ Սերժ Սարգսյանի՝ մայիսի 18-ին ԱԺ-ում ունեցած ելույթը և ասաց, որ Արցախի խնդիրը պետք է լուծվի այնտեղի ժողովրդի ամբողջական ազատ կամարտահայտության իրացման ճանապարհով։ Շարմազանովը նաև հավելեց, որ ապրիլյան քառօրյայից հետո Ադրբեջանը ցանկանում էր նոր ստատուս-քվո ստեղծել, իսկ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումները նրան անհաջողության մատնեցին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս