Հայաստանը միանում է ռազմական գործողությունների ժամանակ հեղձուցիչ, թունավորող գազերի օգտագործումն արգելող ժնևյան արձանագրությանը
Հայաստանի կառավարությունը կվավերացնի 1925 թվականի հունիսի 17-ին Ժնևում ստորագրված «Ռազմական գործողությունների ժամանակ հեղձուցիչ, թունավորող կամ այլ գազերի օգտագործման և մանրէաբանական պատերազմի միջոցների արգելման մասին» արձանագրությունը: Այդ մասին հարցն ընդգրկված է կառավարության հուլիսի 13-ի նիստի օրակարգում:
Համաձայնագիրը Հայաստանը վավերացնելու է՝ նկատի ունենալով, որ պատերազմի ժամանակ հեղձուցիչ, թունավորող կամ այլ գազերի և բոլոր համանման հեղուկների, նյութերի կամ սարքերի օգտագործումը արդարացիորեն դատապարտվել է քաղաքակիրթ աշխարհի ընդհանուր կարծիքով, դրանց օգտագործման արգելումը հայտարարվել է այն պայմանագրերում, որոնց անդամ է հանդիսանում աշխարհի տերությունների մեծ մասը, և որ այդ արգելքը պետք է համընդհանուր ընդունվի՝ որպես միջազգային իրավունքի մաս, հավասարապես պարտադիր դառնալով ազգերի խղճի և սովորույթի համար:
Համաձայնագիրը ստորագրող պետությունները միանալով փաստաթղթին հայտարարում են, որ պայմանավորվող կողմերը, այնքանով, որքանով դեռևս չեն հանդիսանում նման օգտագործումն արգելող պայմանագրերի կողմեր, ընդունում են այս արգելքը, համաձայնում են տարածել այս արգելքը մանրէաբանական պատերազմի միջոցների վրա և համաձայնում են միմյանց նկատմամբ պարտավորված լինել սույն hռչակագրի պայմանների համաձայն:
Բարձր պայմանավորվող կողմերը կձեռնարկեն բոլոր ջանքերը, որպեսզի հորդորեն այլ պետություններին միանալու սույն արձանագրությանը: Նման միանալու մասին կտեղեկացվի Ֆրանսիայի Հանրապետության կառավարությանը, իսկ վերջինիս կողմից՝ բոլոր ստորագրած և միացած պետություններին, և ուժի մեջ կմտնի Ֆրանսիայի Հանրապետության կառավարության կողմից ծանուցման օրվանից: Սույն արձանագրության վավերագրերը պետք է հասցեագրվեն Ֆրանսիայի կառավարությանը, որն այդպիսի վավերագրերն ի պահ ընդունելու մասին կծանուցի ստորագրած և միացած պետություններին: