
Կառավարության վավերացմանն է ներկայացվել Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին համաձայնագիրը

ՀՀ կառավարության վավերացմանն է ներկայացվել 2016 թվականի դեկտեմբերի 21-ին Երևանում ստորագրված Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև՝ Մեղրի Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Այն կքննարկվի կառավարության հուլիսի 13-ի նիստի օրակարգում:
Համաձայնագիրը ստորագրվել է՝ հաշվի առնելով այն, որ Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործումը չի հանգեցնի Իրան-Հայաստան պետական սահմանագծի փոփոխման, համագործակցության և բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման սկզբունքները:
«Փաստաթուղթը ստորագրվել է նաև՝ հաշվի առնելով, որ Մեղրի և Նուրդուզ սահմանային անցակետերի արդիականացման անհրաժեշտությունը, մասնավորապես սույն համաձայնագրի շրջանակներում ծառայությունների մատուցման համար, նպատակ ունենալով պարզեցնելու սահմանային անցման ընթացակարգերը և մաքսային ձևակերպումները՝ ցանկացած կրկնակի գործողությունից խուսափելու համար, ցանկանալով ապահովել Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործումը, ըմբռնելով այն փաստը, որ սույն համաձայնագրի շրջանակներում պայմանավորվող կողմերի միջև իրականացվող վարչական օգնությունն ու փոխադարձ համագործակցությունը կհանգեցնեն մաքսային հսկողության գործընթացի բարելավման»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:
Համաձայնագիրը կառավարության հավանությանն արժանանալուց հետո կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: