«Սևանի Իշխան» և «Սևան Ակվա» ընկերություններին անհատույց կտրամադրվեն ափամերձ հողամասեր
«Սևանի Իշխան» և «Սևան Ակվա» ընկերություններին ՀՀ կառավարությունը մտադիր է առանց մրցույթի՝ կառուցապատման իրավունքով հողամասեր տրամադրել։ Հարցը կքննարկվի գործադիրի առաջիկա նիստում՝ հուլիսի 13-ին։
Դեռևս 2014 թ. կառավարության հավանությանն արժանացած Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակներում Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ նույն տարում ստեղծվել է «Սևանի իշխան» ՓԲ ընկերությունը, իսկ 1 տարի անց՝ «Սևան Ակվա»։
«Սևանի իշխանն» իրականացնում է մանրաձկան և ձկան վերամշակման գործարանների շինարարությունը և շահագործումը, իսկ «Սևան Ակվան» նախաձեռնում է իրականացնել Սևանա լճում տեղակայվող առաջին մոդելային տնտեսության հիմնման և շահագործման աշխատանքները:
Ըստ որոշման նախագծի՝ ծրագրի շրջանակներում «Սևան իշխանին» անհրաժեշտ է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտու տարածքում՝ առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով տրամադրել 21.8 հեկտար հողամաս:
«Սևան ակվային» առանց մրցույթի՝ 3 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրվել է 0.6445 հեկտար հողամաս Կարճաղբյուր համայնքի ափամերձ տարածքից, իսկ բուն ցանցավանդակները տեղակայվել են ափից մոտ 8 կմ հեռավորության վրա: Ափամերձ տարածքը գտնվում է 1905 նիշից ցածր, այն հիմնականում օգտագործվում է նավեր կայանելու նպատակով, որի համար կառուցվել է ալիքապաշտպան շերտ:
Այժմ ընկերությանը Գեղարքունիքի Լճափ գյուղական համայնքի վարչական սահմաններում, «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում՝ առանց մրցույթի, 25 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով կտրամադրվի 1.9466 հեկտար հողամաս: