Բաժիններ՝

«Արտակարգ երեխա էր». երեկ Արցախում զոհված զինծառայող Վազգեն Պողոսյանի ընտանիքի վիճակը ծայրահեղ ծանր է

Հուլիսի 10-ին Արցախում զոհված ժամկետային զինծառայող Վազգեն Պողոսյանը Վայոց ձորի Հորբատեղ գյուղից էր։ 168.am-ի հետ զրույցում Հորբատեղի գյուղապետ Գագիկ Սանդրոսյանն ասաց, որ Վազգենի ընտանիքը սոցիալապես անապահով է.

«Ընտանիքի վիճակը ծայրահեղ ծանր է, ընտանիքի բոլոր անդամները հաշմանդամություն ունեն։ Վազգենը երկու քույր ուներ, ամուսնացել, գնացել են, հիմա տանը մնում են միայն ծնողները, հորաքույրը, տատիկը»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ընտանիքի անդամները ստանում են հաշմանդամության թոշակ, որը նրանց եկամտի միակ աղբյուրն է։

Հորբատեղի գյուղապետը նշեց, որ Վազգենն արտակարգ երեխա էր. «Մեր գյուղի երիտասարդները բոլորն էլ մեկը մեկից խելոք, արտակարգ երեխաներ են։ Վազգենն էլ շատ արտակարգ երեխա էր։ Վազգենի հայրն իմ մոտ ընկերն էր, ընտանիքներով շատ մոտ էինք, գնալ-գալը պարտադիր էր, եթե մեկ օր չլիներ, հաջորդ օրը անպայման պետք է հանդիպեինք»։

Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հուլիսի 10-ի ժամը 17:40-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Վազգեն Ժիրայրի Պողոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս