Բաժիններ՝

«Այսօր ՀՀ-ում կա 97 ցմահ ազատազրկման դատապարտված անձ». Նիկոլ Փաշինյան

«Այսօր ՀՀ-ում կա 97 ցմահ ազատազրկման դատապարտված անձ»,- այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ  97-ից  32-ը մահապատժի դատապարտված անձինք ենք, ովքեր մինչև 2003թ. են դատապարտվել մահապատժի. «Իսկ 2003թ., երբ մահապատիժը վերացավ, այդ մարդկանց պատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ: 60 հոգի ցմահ ազատազրկման է դատապարտվել 2003-11թթ.: Այսինքն՝ այն ժամանակահատվածում, երբ ցմահ ազատազրկումը, որպես պատժատեսակ՝ գոյություն ուներ: 5 հոգի ցմահ ազատազրկման է դատապարտվել 2011թ. մինչև օրս: Իսկ 2011թ. մի տարեթիվ է, երբ ՀՀ ՔՕ-ն փոփոխության ենթարկվեց, և դիտավորյալ սպանության հոդվածի երկրորդ մասով հնարավորություն ստեղծվեց մարդկանց դատապարտել մինչև 20 տարվա ազատազրկման»:

Ըստ նրա՝ մինչև 2011թ. ունեինք մի վիճակ, երբ դատավորն իր ներքին համոզմունքով դատավարությունն իրականացնելիս՝ մարդուն ժամկետային առումով առավելագույն ազատազրկում կարող էր տալ 15 տարի. «Եթե նա գտնում էր, որ այդ արարքն ավելին պետք է դատապարտվի, քան 15 տարի, օրինակ՝ 17 տարվա ազատազրկում, ենթադրվող սպանություն է, այդ պարագայում մինչև 2011թ. չէր կարող դատապարտել մինչև 18 տարվա ազատազրկման, և, եթե 15-ից բարձր էր, պետք է դատապարտեր ցմահ ազատազրկման»:

2011թ. հետո, նրա խոսքով՝ առաջացել է այդպիսի հնարավորություն. «Հիմա ստացվում է, որ ցմահ ազատազրկման դատապարվածներն օբյեկտիվ հարց են դնում, որ մինչև 2011թ. ցմահ ազատազրկման, իսկ մինչև 2003թ. մահապատժի դատապարտված անձանց մեջ կարող են լինել մարդիկ, որ այսօրվա օրենսդրությամբ կարող է դատապարտվեին, ասենք, 20 տարի ազատազրկման: Հետևաբար, այստեղ կա խնդիր: Այս խնդիրն անընդհատ խլացվում և շարունակվում է օդում կախված մնալ: Պետք է մտածել օրենսդրական հիմքեր ստեղծելու մասին, որ այս 97 անձանց գործերը նոր օրենսդրությամբ վերանայվեն: Հնարավոր է, որ այս վերանայումների արդյունքում արձանագրվի, որ նրանք հենց ցմահ ազատազրկման էլ պետք է դատապարտվեին: Բայց նրանք պետք է այդ օրենսդրությունից օգտվելու հնարավորություն ունենան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս