«Իրացման տեսանկյունից ես չեմ պատկերացնում նման լուծում». Տիգրան Մուկուչյանը` Պյոտր Սվիտալսկու առաջարկի մասին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը գտնում է, որ ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հնչեցրած առաջարկությունը, որ ԿԸՀ-ում ներկայացված լինի նաև քաղաքացիական հասարակությունը, ինչպես և ցանկացած առաջարկություն, կարող է ներկայացվել:
«Իրացման տեսանկյունից ես չեմ պատկերացնում, անկեղծ ասած, նման լուծում, որովհետև այս անգամ էլ առաջ են գալու բազմաթիվ հարցեր` քաղհասարակությունից ի՞նչ կերպ է իրականացնելու ընտրությունը, ո՞վ պետք է ընտրի, առավել ևս մենք ականատես ենք լինում, որ նույնիսկ դիտորդական առաքելություն իրականացնող մի քանի կազմակերպություններ, որոնք հանդես էին գալիս մեկ անվանման ներքո ԱԺ ընտրությունների ժամանակ, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հանդես եկան հայտարարությամբ, որով 2-ը 3-րդին չէին լիազորում գործել այն անվանումով, որով հանդես էին գալիս: Այս պայմաններում ինձ համար անընկալելի է, թե ինչպես պետք է իրականացվի ընտրությունը, ինչ եղանակով, ինչ մեխանիզմով և այլն»,- ասաց Տ.Մուկուչյանը:
Նա հավաստիացրեց, թե ԿԸՀ նկատմամբ վստահությունը միանշանակ ավելացել է, և եթե հետընտրական ժամանակաշրջանն իրական անկողմնակալ գնահատականի արժանանա, հանրային վստահությունն էականորեն փոխվել է. «Տարբեր ընտրությունների հետ կապված քննադատությունը մեկն է, որպեսզի ստեղծվի որոշակի ֆոնային տրամադրություն: Ընտրություններն իրավամբ անցել են օրենսգրքի պահանջների պահպանմամբ, հակառակ դեպքում կհնչեր առարկայական քննադատություն, կներկայացվեին հանգամանքներ, փաստեր և այլն»: