«Մնում է դիմել Մայր աթոռ՝ գոնե սկզբի համար 330 դատախազի սրբերի կարգը դասելու համար». Նաիրա Զոհրաբյան
«Ես չգիտեմ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների բարձր ինդեքսից է, թե ջրմային ֆոնի բարձր պրեսինգից է, այս քանի օրը այս հաշվետվությունների ժամանակ շատ տարօրինակ հայտարարություններ են հնչում այս ամբիոնից»,- այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա նկատեց՝ գլխավոր դատախազը հայտարարում է, որ դատախազության ոլորտում կոռուպցիոն ռիսկերը զրոյացված են. «Այսինքն՝ մենք՝ ի դեմս 332 դատախազների, ունենք սրբադասության հավակնորդների: Մնում է դիմել Մայր աթոռ՝ գոնե սկզբի համար 330 դատախազի սրբերի կարգը դասելու համար: Այստեղ որոշ պատգամավորներ փորձում են բռնանալ մյուս պատգամավորների՝ գլխավոր դատախազին հարց տալու իրավունքի վրա, ասելով, որ ինքը քննության, հարցաքննության չի եկել, և դառնում են դատախազի հասարակական հիմունքներով պաշտպանը»,- նկատեց Զոհրաբյանը:
Պատգամավորի խոսքով՝ ԿԸՀ նախագահի հաշվետվությունը նույնիսկ ջերմոցային, իդեալական միջավայրի վերաբերյալ էր. «Պարոն Մուկուչյան, ո՞ւմ հայտնի չէ, որ մեր երկրում կա տոտալ անվստահություն ընտրական գործընթացների հանդեպ, որ իշխող կուսակցությունը բոլոր ժամանակներում օգտագործել և օգտագործում է վարչական ռեսուրսը: Պետք չէ այստեղ որևէ կառույցի ղեկավար հագնի սրբի վեղար և հայտարարի, որ իր կառույցում ամեն ինչ իդեալական է»: