«Մուկուչյան, մենք քեզ ի՞նչ վատություն էինք արել»
Այսօր ԱԺ-ում գյումրեցի պատգամավոր Վարդևան Գրիգորյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016-ի գործունեության մասին հաղորդումը ներկայացնող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին ասաց, որ գյումրեցիները մինչև հիմա ասում են՝ «Մուկուչյան, մենք քեզ ի՞նչ վատություն էինք արել».
«Գյումրիի ավագանու ընտրություններից հետո գիտե՞ք՝ ինչ է շրջանառվում գյումրեցիների կողմից՝ պարոն Մուկուչյան, մենք ձեզ ի՞նչ վատություն էինք արել, որ դուք մեր 66% ձայներն անտեսեցիք ու 34% ձայն ունեցող Բալասանյան Սամվելին կարգեցիք Գյումրիի քաղաքապետ: Չե՞ք գտնում, որ այդ օրենքն ունի լուրջ թերություններ, դուք եք կիրառության մեջ դնում էդ օրենքը: Ըստ Սահմանադրության՝ ժողովուրդն է ձևավորում իշխանությունը, իսկ այսօր ստացվում է, որ ժողովրդի կողմից 66% ձայն ունեցող ընդդիմությունը գործնականում չի կարողանում իր աշխատանքն իրականացնել ո՛չ օրենսդիրում, ո՛չ գործադիրում»:
Ի պատասխան՝ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ դրանք նոր իրավակարգավորումներ չեն, նախորդ Ընտրական օրենսգրքում էլ են եղել. «Գյումրու և Վանաձորի ընտրությունների ժամանակ, ինչպես Երևանի ընտրությունների դեպքում, հանձնաժողովի կամ իմ կողմից որևէ մեկին կարգելու խնդիր չի եղել. բոնուսային համակարգն է կիրառվել: Այդ համակարգը բազմաթիվ երկրներ են կիրառում: Եթե նման խնդիր կա, օրենսդիրները պետք է զբաղվեն, մենք էլ պարտավոր ենք դրանք կյանքի կոչել լիարժեք ծավալով»: