«ԵԽ բանաձևն իրավական բազա է ստեղծում ապագա՝ ավելի պարտավորեցնող փաստաթղթերի ընդունման համար». Էդմոն Մարուքյան
«Բնականաբար, ողջունելի է, և որքան շատ լինեն նման միջազգային կառույցների դիրքորոշումներ, այնքան լավ։ Դա միջազգային իրավունքում կոչվում է փափուկ իրավունք՝ soft low, որն իրավական բազա է ստեղծում ապագա՝ ավելի պարտավորեցնող փաստաթղթերի ընդունման համար»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և ուժի չկիրառման սկզբունքի ամրագրումը:
Ըստ նրա՝ Ադրբեջանն այդ առումով միշտ շատ ակտիվ է եղել և միշտ հաջողություն է ունեցել տարբեր կառույցներում նմանատիպ փաստաթղթեր ընդունելու գործում։
«Դրա համար շատ կարևոր է, որ ակտիվ լինենք և Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացի հետ կապված նման փաստաթղթեր ունենանք, որը, ընդհանուր առմամբ, երբ խնդրի կարգավորման շուրջ միջազգային տարբեր հարթակներում քննարկումներ են լինում, պետք է օգտագործել»,- ասաց Է.Մարուքյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում՝ այդ բանաձևը պարտադիր ուժ չունեցող փաստաթուղթ է։