«Ես չեմ ասում՝ ինձ ցույց տվեք. ի վերջո, «Լուսավոր Հայաստանի» պարոն Մարուքյանին ցույց տվեք». Էդուարդ Շարմազանով

«Մեր հեռուստաեթերի բովանդակությունը մնում է խնդրահարույց։ Այսօր ԱԺ-ում «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016 թվականի գործունեության մասին» հաղորդման քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։

Նա նշեց, որ կարելի է հեռուստաեթերում դաստիարակչական, հոգևոր նշանակության հաղորդումները ճիշտ ժամի ցուցադրել։ «Ես սերիալներին դեմ չեմ, ամբողջ աշխարհում դրանք կան, բայց կարելի է սցենար գրողներին կանչել ու ասել, որ մի քիչ բարություն սերմանեն։ Ինչքա՞ն կարելի է վատը ցույց տալ։ Ես չեմ ասում՝ ինձ ցույց տվեք, բայց երևույթը ցույց տվեք։ Ի վերջո, «Լուսավոր Հայաստանի» պարոն  Մարուքյանին ցույց տվեք»,- ասաց Շարմազանովը։

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ  Գագիկ Բունիաթյանն ասաց, որ իրենց հանձնաժողովի տիրույթում չէ հեռուստաընկերությունների ծրագրերի բովանդակային քաղաքականությունը, բայց համաձայն է Շարմազանովի հետ.

«Վստահ եմ, որ մեր հեռուստաընկերությունների, լրատվամիջոցների ղեկավարներն էլ են այդպես մտածում, ուղղակի վարկանիշային խնդիրները չեն կարող չազդել այս ոլորտի վրա, քանի որ դա առաջին հերթին՝ պետք է դիտարկել՝ որպես բիզնես ոլորտ։ Ինչ վերաբերում է սերիալներին, ապա այո, այդ խնդիրը կա մեր սերիալներում։ Հիմա էլ համաշխարհային տրենդ են դարձել հնդկական սերիալները։ Հուսով ենք՝ այդ ամենը կկարգավորվի շուկայի կողմից»։

Շարմազանովը նշեց, որ կարելի է վարկանիշային, բայց որակյալ հաղորդումներ ունենալ։

«Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ հետաքրքրվեց՝ բովանդակությունը բաց թողնելով՝ որպես պետություն՝ ի՞նչ արդյունք ենք ուզում ստանալ. «Ճի՞շտ եմ հասկանում, որ այս ոլորտում չունենք հստակ ռազմավարություն, որտեղ ընդգծված լինի մեր նպատակը, թե տվյալ բովանդակությունը եթեր տալով՝ ի՞նչ արդյունք են ուզում ստանալ»։

Գ. Բունիաթյանը նորից կրկնեց, որ դա իրենց հանձնաժողովի տիրույթից դուրս է. «Այսօր հանրապետությունում նման պետական կառույց չկա, որ զբաղվի այդ հարցերով, ինչը դրական եմ գնահատում։ Դրա լուծումների համար կարող ենք տարբեր քննարկումներ կազմակերպել, փորձել լուծել այս խնդիրը»։

Փաշինյանը նկատեց՝ հայտարարելով, թե մեզ մոտ գրաքննություն չկա՝ իրականում ստվերային գրաքննություն ունենք։

Տեսանյութեր

Լրահոս