Ինչ զինատեսակներով է համալրվել ՀՀ զինուժը 2016 թվականին
ԱԺ ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, թե ՀՀ զինուժն ինչ է ձեռք բերել 2016թ.։ Նա նշեց, որ հրապարակում է միայն այն ամենը, ինչը թույլատրելի է, և ընդգծեց, որ թվեր չի նշելու.
«Մենք մեր զինված ուժերն ապահովել ենք զենիթա-հրթիռային նոր համալիրներով, ավտոտրանսպորտային ինժեներական միջոցներով, տեխնիկապես հագեցվել են մարտական հերթապահություն իրականացնող զորամասերը, ձեռք են բերվել ջեմատեսիլ դիտարկման համակարգեր, ջերմատեսիլ նշանոցներ, գիշերային նշանոցներ, առաջնագծի ստորաբաժանումները համալրվել են կապի ժամանակակից միջոցներով, իրականացվել են ինժեներա-ամրաշինարարական համապատասխան աշխատանքներ»։
Անդրադառնալով 2016թ ռազմարդյունաբերական ոլորտում Հայաստանում իրականցված աշխատանքներին, Նահապետյանն ասաց, որ ավարտին է հասցվել սպառազինության և ռազմական տեխնիկայի մշակումների ծրագրերի հիմնական մասը, մնացած մասը կատարվելու է մինչև այս ամսվա վերջ։
Նշված աշխատանքներն իրականացվել են հետևյալ ուղղություններով՝ կապի, օպտիկայի, անօդաչու սարքերի դեմ պայքարի, ազդանշանային սարքերի, անձնակազմի անվտանգության ապահովման ոլորտներում։ Արդիականացվել են հրետանային կապի միջոցներ, կառավարման կետեր, արտադրվել են փորձնական խմբաքանակներ ռազմատեխնիկական ունեցվածքի մի շարք ուղղություններով, ավարտին է հասցվել Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի կիբերանվտանգության կենտրոնի ստեղծման աշխատանքները»։