«Շատ ենք ուզում միասին աշխատել, բայց արդյո՞ք կարողանում ենք դիմակայել այս տեսակի մարտահրավերներին». Թևան Պողոսյան

«Ես ուրախ եմ, որ ապրիլի 7-ին մենք հերթական անհատական գործողությունների ծրագիրը կարողացանք կնքել ՆԱՏՕ-ի հետ և շարունակությունն ապահովել։ Բայց դրա հետ միասին՝ պետք է դիտարկենք մարտահրավերները, և դա միայն ՆԱՏՕ-ին չի վերաբերում»,- այսօր կազմակերպված «ՆԱՏՕ-ն Վարշավայից Բրյուսել՝ մարդկային անվտանգության և անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ այս մասին ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը՝ բերելով նաև ԵԱՀԿ-ի և ԵԽ ԽՎ-ի օրինակները։

«Արդյո՞ք ԵԱՀԿ երևանյան գրասենյակը չէր նպաստում ժողովրդավարության զարգացմանը Հայաստանում։ Նպաստում էր, բայց ի՞նչ տեղի ունեցավ. օգտագործվեց միջազգային կազմակերպությունների կանոնակարգ-օրենքի հնարավորությունը, և երևանյան գրասենյակը փակվեց։ Վերցնենք ԵԽ ԽՎ-ն, որտեղ կարող են լինել մարդիկ, որոնք գուցե չկարողանան դիմակայել կոռուպցիոն գայթակղություններին, և պարզվի, որ այդ կազմակերպության ղեկավարը կարող է ամբողջ կազմակերպության արժեհամակարգի վրա մեծ բիծ գցել։ Իսկ այդ կազմակերպությունը ստիպված է լինելու ներքին կանոնակարգ փոխել, որ կարողանա իր ընտրած նախագահին հեռացնել։ Մենք ունենք այս մարտահրավերը։ Այո, շատ ենք ուզում միասին աշխատել, զարգանալ, առաջ գնալ, բայց արդյո՞ք կարողանում ենք դիմակայել այս տեսակի մարտահրավերներին»։

Պողոսյանը նկատեց՝ այն օրը, երբ ՆԱՏՕ-ն կկարողանա սանձել իր մեկ անդամի բռնակալ դառնալը, լավագույն օրինակը կլինի նաև Հայաստանի համար, թե ինչպես կարող ենք Հայաստանում շատ ու շատ բարդ և ներքին պրոբլեմների դեմ աշխատանքներ կատարել։

Նա անդրադարձավ նաև բուլղարական թերթի այն հետաքննությանը, որի արդյունքում պարզ էր դարձել՝ Ադրբեջանի դիվանագիտական ինքնաթիռներով զենք է մատակարարվում ահաբեկչական կառույցներին, և հույս հայտնեց, որ Բրյուսելում կլսենք՝ ՆԱՏՕ-ն իսկապես շատ լուրջ անդրադարձ կկատարի Ադրբեջանի կողմից ահաբեկիչներին զենք մատակարարելու հարցին։

«Դա շատ լուրջ հարց է։ Ինձ թվում է՝ եկել է ժամանակը, որ ինչպես մենք՝ Հայաստանում, պետք է սովորենք, որ պետք է մեր խնդիրների մասին բարձրաձայնենք, նաև ՆԱՏՕ-ի շատ երկրներ պետք է խոսեն իրենց անդամների խնդիրների մասին։ Եվ այս  մարտահրավերի իմաստով՝ միասին շատ մեծ ճանապարհ ունենք անցնելու»։

Տեսանյութեր

Լրահոս