
«Այս նախագիծը կոռուպցիայի, հանրային ռեսուրսի վատնման ևս մեկ օրինակ է»

«Շորժա գյուղից դեպի Արտանիշ արգելոցը տանող ճանապարհին՝ լճի ափից մի քիչ հեռու, 2009 թվականից կառուցված է մի առանձնատուն, որը, գյուղացիների վկայությամբ պատկանում է Արամ Հարությունյանին և բետոնե հիմքի վրա կառուցված շինությունը գտնվում է 1900 մետր բացարձակ նիշի վրա, մինչդեռ 1903 մետրը այն նիշն է ցամաքի վրա, որից դեպի ջուրը տանող տարածքը պետք է ազատ լինի՝ ջրի տակն անցնելու համար: Այս կառուցապատումը ժամանակին օրենքի կոպիտ խախտում էր»,- այսօր ԱԺ-ում Սևանա լճից հավելյալ 100 մլն խմ ջրբացթողում իրականացնելու նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:
Ըստ նրա` հիմա պարզ է, որ Սևանա լճի ջրառի վերաբերյալ հարակից զեկուցողի (խմբ. Արամ Հարությունյանի) ներկայացրած ցանկացած տվյալ հավատ չի ներշնչում.
«Մարդիկ չեն դադարում խոսել, որ ջրառի նպատակը մնում է ափամերձ տարածքում շինությունները պահպանելը, իրավունք ունեն խոսելու»:
«Եվ այս նախագիծը կոռուպցիայի, հանրային ռեսուրսի վատնման ևս մեկ օրինակ է»,- հավելեց Լ.Նազարյանը: