«Վերջին 15 տարիների ընթացքում ընդամենը 3-րդ անգամ է 100 մլն խմ բաց թողնվելու». Գագիկ Մելիքյան
Սևանից հավելյալ 100 մլն խմ ջրբացթողումը, որի հետևանքով 7-8 սմ-ով կպակասի լճի մակարդակը, էկոլոգիական լուրջ ազդեցություն կունենա, բայց էկոլոգիական ազդեցություն կունենա նաև լճի մակարդակն այդքանով բարձրացնելը:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում Սևանից հավելյալ 100 մլն խմ ջրբացթողում անելու օրինագծի քննարկման ժամանակ նման հայտարարություն ՀՀԿ խմբակցության անունից արեց պատգամավոր Գագիկ Մելիքյանը:
Ըստ նրա` ոռոգման համար անհրաժեշտ է ջրբացթողումը, առավել ևս, որ վերջին 15 տարիների ընթացքում ընդամենը 3-րդ անգամ է 100 մլն խմ բաց թողնվելու:
Նա կոչ արեց Ջրպետկոմի նախագահին` ՀԿ-ներին հրավիրել և բացատրել խնդիրը, քննարկել նաև առաջարկները: Մելիքյանը մտահոգիչ հարց համարեց հավելյալ ջրի դիմաց վճարումների գանձումը, բայց, ըստ նրա, ավելի մտահոգիչ է վերահսկողության հարցը, որ կորուստները` ջուրը դաշտ հասնելու ընթացքում, ճիշտ հաշվարկվեն: ՀՀԿ-ն, բնականաբար, կողմ է քվեարկելու նախագծին: