«Կարո՞ղ ա՝ վատ երազ ա տեսել». Սասուն Միքայելյանը` Րաֆֆի Հովհաննիսյանին
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, թե ինքը «Ելք»-ի հիմնադիրն է ու նախահայրը, տարակուսանքի մեջ է գցել «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին:
«Կարո՞ղ ա՝ վատ երազ ա տեսել, չգիտեմ: Ի՞նչ կապ ունի նա մեր դաշինքի հետ: Ընդհանուր փուլում, երբ ցանկացել ենք համագործակցել տարբեր կուսակցությունների հետ, քննարկումներ եղել են «Ժառանգության» հետ, բայց համաձայնության չենք եկել: Դա է եղել: Հիմա ո՞նց կարող ա ինքը լինի «Ելքի» կնքահայր, նախահայր կամ նախապապը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ս.Միքայելյանը:
Ընտրություններից հետո փողոց դուրս չգալու և արդյունքները լեգիտիմացնելու վերաբերյալ Ր.Հովհաննիսյանի մեղադրանքներին ի պատասխան Ս.Միքայելյանը հարցադրում արեց` իսկ իրանք փողոցային պայքարի գնացի՞ն. «Էդ ձևական բաներ են, «Ելք» դաշինքն իրա գործն ա անում: «Ելքը» չի ասել, թե լեգիտիմ են ընտրությունները, ասել ա, որ ելք կա»:
Ըստ նրա` Հայաստանում պետք է թավշյա հեղափոխություն լինի, որի համար հիմքեր են պետք, և ընդդիմությունը, ժողովրդի աջակցությամբ, պետք է քայլեր ձեռնարկի՝ երկիրն այս վիճակից դուրս բերելու համար. «Նոր բիզնես ա ձևավորվել Հայաստանում` մարդիկ փողով գնում են քվերակության: Դա շատ վտանգավոր ա»: