Բաժիններ՝

Չիլի՞, թե՞ Գերմանիա. Ո՞վ կհաղթի Կոնֆեդերացիաների գավաթը

Ռուսաստանում ավարտին է մոտենում Կոնֆեդերացիաների գավաթը: Եզրափակիչ խաղում իրար հետ կմրցեն Չիլիի և Գերմանիայի հավաքականները:

Չիլիի ընտրանին դուրս եկավ եզրափակիչ՝ կիսաեզրափակչում հաղթելով Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի ընտրանուն: Իսկ գերմանացիները հասան եզրափակիչ՝ կիսաեզրափակիչ փուլում հաղթահարելով Մեքսիկայի արգելքը:

Խաղից առաջ իրենց կարծիքներով կիսվել են երկու հավաքականների ֆուտբոլիստները:

Չիլիի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուրո Վիդալը նշել է, որ Կոնֆեդերացիաների գավաթում հաղթանակը իր երազանքն է:

«Սա Չիլիի լավագույն թիմն է: Հպարտ եմ, որ նման ակումբի շապիկն եմ կրում: Այստեղ հանդես են գալիս լավագույն չիլիացի ֆուտբոլիստները:

Գերմանիան շատ երիտաարդ թիմ ունի: Զարմանալի չէ, որ նրանք հասան եզրափակիչ: Նրանք միշտ առաջ են շարժվում:

Ես հավատում եմ, որ մենք կարող ենք հաղթել Կոնֆեդերացիաների գավաթում: Եթե կարողանանք խաղալ այնպես, ինչպես Ամերիկայի գավաթում, ապա հաղթանակը մերը կլինի»,- նշել է Վիդալը:

Գերմանիայի ազգային հավաքականի ավագ Յուլիան Դրաքսլերն էլ նշել է, որ հպարտ է, որ թիմը եզրափակչում է:

«Չիլին հզոր թիմ ունի, բայց մենք պատրաստ ենք այս խաղին: Այս խաղը կտարբերվի մեր նախորդ հանդիպումից»,- նշել է Դրաքսլերը:

Հիշեցնենք, որ խմբային փուլում Գերմանիան և Չիլին 1:1 էին ավարտել հանդիպումը:

Ըստ Դրաքսլերի՝ նախորդ խաղում գերմանացիները չցուցադրեցին իրենց լավագույն որակները: Դրաքսլերը նշել է, որ գերմանացիները կանեն ամեն բան իրենց լավագույն խաղը ցուցադրելու և հաղթելու համար:

Հիշեցնենք, որ Չիլի-Գերմանիա հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 22:00-ին: Խաղը կայանալու է «Սանկտ-Պետերբուրգ» մարզադաշտում

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս