Բաժիններ՝

10 հեռուստասերիալ, որ առաջարկում է դիտել Արթուր Ղուկասյանը

Հեռուստասերիալները գնալով ավելի են ամրապնդում իրենց դիրքերը, բարձրացնում են որակը՝ ներգրավելով թոփ-պրոդյուսերների և ռեժիսորների, ինչպես նաև՝ բարձր դասի և պահանջված դերասանների: Հեռուստասերիալները հաղթահարելով ժամանակն ու տարածությունը՝ դառնում են աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մարդկանց օրվա կարևոր բաղադրիչը, ասեմ ավելին՝ շարունակական և սպասեցնել տվող բաղադրիչը:

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, 168.am-ի նախաձեռնած ֆիլմեր առաջարկելու գործընթացին այս շաբաթ միացած «ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահ, Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պրոդյուսեր, թատերական գործիչ Արթուր Ղուկասյանը շատ ինքնատիպ տասնյակ է կազմել՝ ֆիլմերի փոխարեն մեր ընթերցողին առաջարկելով դիտել 10 հեռուստասերիալ:

10 հեռուստասերիալ, որ առաջարկում է դիտել Արթուր Ղուկասյանը:

«Քարտե տնակ»
(House of Cards) 

Դեմոկրատական կուսակցության հավակնոտ կոնգրեսական Ֆրենկ Անդերվուդը (Քևին Սփեյսի)՝ իրեն պետքարտուղար դարձնելու խոստման դիմաց, օգնում է Գարեթ Ուոքերին՝ դառնալ ԱՄՆ նախագահ: Սակայն ընտրություններից հետո նախագահի վարչակազմի ղեկավար Լինդա Վասկեզը հաղորդում է Անդերվուդին, որ նա պաշտոն չի ստանալու: Դավաճանությունից կատաղած Ֆրենկը և նրա կինը (Ռոբին Ռայթ) ամեն ինչի պատրաստ են, որպեսզի վրեժխնդիր լինեն նորընտիր նախագահից:

Հեռուստասերիալը կարող եք դիտել այստեղ

«Հայրենիք»
(Homeland) 

Սյուժեի կենտրոնում գտնվում են ԱՄՆ ռազմածովային ուժերի սերժանտ Նիկոլաս Բրոուդին (Դեմիեն Լյուիս), ով վերադարձել է տուն՝ 8 տարի Իրաքում անհայտ կորած համարվելուց հետո: Ինչպես նաև ԿՀՎ-ի սպա Քերի Մեթիսոնը (Քլեր Դեյս), ով կասկածում է Բրոուդիի ներգրավվածությանն Ամերիկայի վրա ահաբեկչական հարձակման նախապատրաստության գործում:

Հեռուստասերիալը կարող եք դիտել այստեղ

«Միլիարդներ»
(Billions) 

Իշխանության և մեծ փողերի աշխարհում՝ Նյու Յորքի սրտում, եռում է Ուոլ-Սթրիթից հավակնոտ ֆինանսիստ Բոբբի Ակսելրոդի (Դեմիեն Լյուիս) և սկզբունքային դաշնային դատախազ Չակ Ռոդսի (Փոլ Ջամատի) դիմակայությունը:

Հեռուստասերիալը կարող եք դիտել այստեղ

«Ամբողջ ծանրությամբ»
(Breaking Bad) 

Քիմիայի դպրոցական ուսուցիչ Ուոլթեր Ուայթը (Բրայան Քրենսթոն) տեղեկանում է, որ հիվանդ է թոքերի քաղցկեղով: Հաշվի առնելով ընտանիքի ֆինանսական ծանր դրությունը՝ Ուոլթերը որոշում է զբաղվել մեթամֆետամինի արտադրությամբ: Ուայթն այս գործում ներգրավում է իր նախկին աշակերտ Ջեսսի Փինքմանին (Աարոն Փոլ):

Հեռուստասերիալը կարող եք դիտել այստեղ

«Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին»
(How I Met Your Mother) 

Սերիալի գործողությունները տեղի են ունենում գլխավոր հերոս Թեդ Մոզբիի (Ջոշ Ռեդնոր) և նրա չորս անբաժան ընկերների՝ Մարշալ Էրիկսենի (Ջեյսոն Սիգել), Լիլի Օլդրենի (Էլիսոն Հենիգան), Ռոբին Շերբատսկիի (Քոբի Սմալդերս) և Բարնի Սթինսոնի (Նիլ Պատրիկ Հարիս) շուրջ, ովքեր բնակվում են Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում։ Յուրաքանչյուր սերիա սկսվում է 2030 թվականին, երբ Թեդը որդուն և դստերը պատմում է, թե ինչպես է ծանոթացել նրանց մոր հետ, և գործողությունները միանգամից տեղափոխվում են մեր օրեր։

Հեռուստասերիալը կարող եք դիտել այստեղ

«Իրական խուզարկու»
(True Detective) 

Ամերիկյան արտադրության հեռուստատեսային քրեական դրամայի առաջին եթերաշրջանում պատմվում է Լուիզիանա նահանգի ոստիկանական բաժանմունքի երկու խուզարկուների մասին, որոնք փորձում են բացահայտել առեղծվածային սպանության գործը։ Սակայն հանցագործին գտնելու նրանց փորձերը ձգվում են 17 տարի։ Գլխավոր դերերում են հանդես եկել Մեթյու Մակքոնահին, Վուդի Հարելսոնը և Միշել Մոնագանը։

Երկրորդ եթերաշրջանը հեռուստադիտողին տեղափոխում է Կալիֆոռնիա, որտեղ ոստիկանության 3 բաժինների 3 խուզարկու հետաքննում են հանցագործությունների մի շարք, որը, ըստ իրենց, կապված է կաշառակեր քաղաքական գործչի սպանության հետ։ Գլխավոր դերերում նկարահանվել են Քոլին Ֆարելը, Ռեյչել ՄաքԱդամսը, Վինս Վոնը, Քելի Ռայլին և Թեյլոր Կիտչը:

Հեռուստասերիալը կարող եք դիտել այստեղ

«Թյուդորներ»
(The Tudors) 

Պատմական ժանրի գեղարվեստական հեռուստասերիալը պատմում է տասնվեցերորդ դարում Անգլիայում ապրող Թյուդորների դինաստիայի գաղտնի կյանքի մասին՝ Անգլիայի համար հակասական մի ժամանակաշրջան: Բարգավաճում և կործանում, արքաների իմաստնություն և բռնակալների բռնապետություն, այդ ժամանակների մեծագույն գործիչների կյանքի թաքնված ասպեկտներ:

Հեռուստասերիալը կարող եք դիտել այստեղ 

«Նորությունների ծառայություն»
(The Newsroom) 

Ամերիկյան հեռուստասերիալը պատմում է լրատվական ACN (Atlantis Cable News) հեռուստաալիքի աշխատակիցների աշխատանքային առօրյայի մասին: Գլխավոր դերերում հանդես են եկել Ջեֆ Դենիելսը, Էմիլի Մորտիմերը, Դև Պատելը և այլք:

Հեռուստասերիալը կարող եք դիտել այստեղ

«Ինչպես խուսափել սպանության համար պատժից»
(How to Get Away with Murder) 

Պրոֆեսոր Էննալիս Քիթինգը (Վիոլա Դևիս) փայլուն փաստաբան է: Նա ուսանողներին դասավանդում է «Ինչպես խուսափել սպանության համար պատժից» կոչվող կարգապահության դասընթաց: Սակայն ուսանողներն անգամ չեն կասկածում, որ շուտով իրենք ստիպված պետք է լինեն կիրառել իրենց գիտելիքներն իրական կյանքում…

Հեռուստասերիալը կարող եք դիտել այստեղ

«Սրած հովարներ»
(Peaky blinders) 

Բրիտանական սերիալը պատմում է անցյալ դարի 20-ական թվականների Բիրմինգհեմի քրեական աշխարհի մասին, որտեղ Շելբիի (Կիլիան Մերֆի) մեծ ընտանիքը դառնում է հետպատերազմյան ժամանակահատվածի ամենադաժան ու հզոր գանգստերական ավազակախմբերից մեկը:

Հեռուստասերիալը կարող եք դիտել այստեղ

ԱՆԻ ԳԱԲՈՒԶՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս