Արգիճի գետում 15 տարեկան պատանի է ջրահեղձվել
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում ջրահեղձ է եղել 15 տարեկան Գեղամ Գալոյանը, ով, նախնական տվյալներով, լողալու նպատակով մտել է Արգիճի գետը: Ինչպես տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը, Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ժամը 16.52 րոպեին առ այն, որ Արգիճի գետում, Երեւան-Վարդենիս մայրուղու հյուսիսային կողմում, Սեւանա լիճը գոտեւորող անտառի հատվածում, ընկել է Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 15 տարեկան տղա, ում անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ահազանգը ստանալուն պես փրկարարները շտապել են դեպքի վայր եւ ձեռնարկել փրկարարական աշխատանքներ: Տեղանքն ունեցել է ավելի քան 3 մետր խորություն եւ տղմոտ հատակ, ինչն էլ որոշակիորեն դժվարացրել է փրկարարների աշխատանքը:
Ժամը 18.34-ին փրկարարներին հաջողվել է գտնել Գեղամ Գալոյանի անշնչացած մարմինը եւ այն հանձնել շտապօգնության աշխատակիցներին: