«Ովքե՞ր են այդ հանցագործները, որ ամեն տարի գյուղացուն այս օրն են գցում»
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի համար տարօրինակ է այն փաստը, որ ներկա դրությամբ հանրապետությունում ոռոգման ջրի խնդիր կա, և դա այն դեպքում, երբ տարին տեղումնառատ է եղել։
«Պետք է ուսումնասիրություն արվի, թե ջրամբարների ջուրն ի՞նչ են արել, ինչպե՞ս են աշխատել, ինչպե՞ս են կուտակել։ Այս տարի մենք միանշանակ չպետք է ունենայինք ոռոգման ջրի խնդիր։ Այսինքն՝ հետևողական վատ աշխատանքի արդյունք է սա. այն, ինչ մենք միշտ ասում ենք՝ պատահական մարդիկ այդ բնագավառում պտտվում են և որևէ հարց չի լուծվում»,-168.am-ի հետ զրույցում ասաց նա։
Նա նկատեց՝ ջրամբարների տիղմը ժամանակին չի մաքրվել.
«Այսօր ջմարբարներ ունենք, որ 30% տիղմով են պատված, ունենք ջրամբարներ, որոնք վերանորոգման կարիք ունեն, դա էլ պետք է ուսումնասիրել՝ կատարվել է, թե ոչ։ Բայց որ գումարներ դուրս են գրվում՝ ջրամբարների պահպանության համար, միանշանա՛կ է։ Այստեղ նաև նորմատիվների խախտումը կա, կան շատ նեգատիվ երևույթներ ՋՕ-երի հետ կապված։ Մեզ համար տեսարանը պարզ է, բայց հանրապետության ղեկավարության համար պետք է տեղեկանք մշակվի, թե ովքե՞ր են այդ հանցագործները, որ ամեն տարի գյուղացուն այս օրն են գցում»։
Ագրարագյուղացիական միավորման նախագահի խոսով՝ ջրի նորմատիվները կամայական խախտված են.
«Այսօր գերբնական նորմատիվներ են մշակված և գյուղացուն թալանում են։ Եթե նորմատիվները կարգավորվեն, մեր ջուրը չի պակասի»։
Ինչ վերաբերում է կառավարության՝ Սևանից 100 մլն խմ ավելի ջուր բաց թողնելու վերաբերյալ նախագծին , նա նկատեց, որ եթե այս տարի էլ պետք է Սևանից ջուր բաց թողնեն, ուրեմն՝ անարդյունավետ են աշխատում. «Մատների արանքով են մարդիկ իրենց աշխատանքին մոտենում»։