«Սա շարքային միջոցառում չէ, սա սովորական ձեռնարկության բացում չէ…». Աշոտ Մանուկյան
Տեղի ունեցավ Հայաստանում արևային վահանակների առաջին արտադրող SolarOn-ի պաշտոնական բացման արարողությունը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:
SolarOn-ը ապրանքանիշը հանդիսանում է գրանցված ապրանքային նշան Պրոֆպանել ընկերության արտադրանքի համար: Արևային վահանակների արտադրության ոլորտում Պրոֆպանել ընկերությունն իր գործունեությունը սկսել է ծավալել 2016 թվականից: Այն հանդիսանում է Հայաստանում առաջին և միակ արևային վահանակներ արտադրող ընկերությունը, որի արտադրական հզորությունը հասնում է տարեկան մոտ 10 մեգավատտի: Վերականգնվող էներգետիկ համակարգերը պրակտիկ են, հուսալի, արդյունավետ՝ մարդկանց և շրջակա միջավայրի համար:
Ընկերության հիմնադիր Արթուր Ալավերդյանն իր բացման խոսքում նշեց, որ ծրագրի առաքելությունը հատկապես տեսնում է բարձր տեխնոլոգիաների ներդրման և ներգրավման մեջ: Նա նաև հայտնեց, որ ուսումնասիրել են տարածաշրջանի շուկան և համապատասխան պայմանների դեպքում՝ կարճ ժամկետներում, պատրաստվում են հայկական վահանակներն արտահանել հարևան երկրներ, ինչպես նաև՝ Եվրոպա:
Ընկերության գործադիր տնօրեն Վրեժ Մանվելյանի հաղորդմամբ՝ ներկայումս ունեն 20 աշխատող, բայց արտադրանքի ծավալների մեծացման հետ մեկտեղ՝ կավելանա նաև աշխատողների քանակը: Արտադրությունում արդեն կատարվել են մոտ 300.000 դոլարի ներդրումներ, բայց առաջիկայում նախատեսում են թիվը հասցնել մոտ երկու միլիոնի:
«Հաշվի առնելով Հայաստանի օրենսդրական դաշտի մոտեցումը վերականգնվող էներգիայի մասով՝ մենք նպատակահարմար գտանք Հայաստանում հիմնել նման արտադրություն, որը կխթանի վերականգնվող էներգիայի զարգացմանը: Ամսական 10-12.000 դրամ ծախսի դեպքում մարդկանց անհրաժեշտ կլինի մոտ 2 ԿՎտ պանելային վահանակ, որի համար պետք է վճարվի 2000 դոլար»:
Արտադրական պրոցեսը համապատասխանում է միջազգային ընդունված չափանիշերին, ինչը թույլ է տալիս հարմարվել հաճախորդի պահանջներին` առաջարկելով բարձրորակ արտադրանք: Պրոֆպանել ընկերությունը մատուցում է ծառայություններ ինչպես՝ ֆիզիկական, այնպես էլ՝ իրավաբանական անձանց, ինչպես նաև պատրաստ են համագործակցել այն ընկերությունների հետ, որոնք զբաղվում են արևային վահանակների տեղադրմամբ:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը բացման ժամանակ նշեց.
«Վաղվա էներգիայի միակ և հիմնական աղբյուրը լինելու է արևային էներգիան: Սա շարքային միջոցառում չէ, սա սովորական ձեռնարկության բացում չէ, սա առաջին քայլն է ապագայի տեխնոլոգիաների իրացման ճանապարհին: Ընդամենը մեկ ամսվա ընթացքում ՀՀ-ում առաջին անգամ շարք կմտնի արևային առաջին էլեկտրակայանը՝ որպես շարունակություն այս նախագծի»:
SolarOn-ի հիմնական նպատակներն են՝ արևային վահանակների արտադրությունը գնային առումով հանրության լայն շերտերին հասանելի դարձնելը, Հայաստանում էներգիայի մատակարարման բաշխված համակարգ ստեղծելը՝ հանրության լայն շրջանակներին էլեկտրաէներգիայի արտադրության գործում ներգրավման ճանապարհով, ինչպես նաև Հայաստանում արևային էներգետիկայի գաղափարի տարածումը:
Անի Թորոսյան