«Կառավարության ծրագրի իրագործման ֆինանսական հիմնավորվածության բաղադրիչը բացակայում է». Վիլեն Խաչատրյան
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով կառավարության նոր ծրագրի մասին՝ ասաց, որ մի քանի ցուցանիշների հետ կապված՝ որոշակի հաշվարկներ է արել.
«Ինձ հետաքրքիր էր, թե տարեկան 5%-անոց աճի պարագայում մեր 10.5 միլիարդանոց ՀՆԱ-ն ուր կհասնի։ Հաշվեցի՝ 2022թ. մենք ունենալու ենք 14 մլրդ դոլարանոց ՀՆԱ։
Երկրորդ՝ այս 14 միլիարդ դոլարի կտրվածքով փորձեցի հաշվարկել 40% արտահանման աճը, իհարկե, տեսակարար կշիռները յուրաքանչյուր տարի 5% բարձրացնելով, և հասա մի ցուցանիշի, որ 2022թ. մեր արտահանումը պետք է կազմի 6.3 մլրդ դոլար, այսինքն՝ բավականին մեծ ցուցանիշ, եթե պլանավորում են 5%-անոց տնտեսական աճ։ Այսպիսի զարգացումների պարագայում մեր մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ն մոտենալու է 4.5-5 հազար դոլարի։ Սա ևս բավական բարձր ցուցանիշ է, որի ֆինանսական բաղադրիչն ապահովելու տեսանկյունից՝ կասկած է հարուցում»։
Ինչ վերաբերում է արտաքին պարտքին, նա ասաց, որ, եթե 2022թ. հասնենք 50%-ին, ապա առնվազն 7 միլիարդը գերազանցելու ենք. «Եթե ավելի բարձր լինի՝ 60%, ապա արդեն 8 միլիարդանոց շեմի մասին կարող է խոսք գնալ։ Սակայն կառավարության ներկայիս ծրագրում պարտքերի վերաբերյալ որևէ թվային ցուցանիշ չկա։ Անգամ հետաքրքիր մի դրույթ հանդիպեցի բնապահպանության հատվածում, որտեղ, բնապահպանական կամ արտաքին աշխարհի հետ վարվող քաղաքականության արդյունքում պարտքերը զիջելու կամ բնապահպանական խնդիրները զիջելու տեսանկյունից՝ պարտքերը կրճատելու մոդել էլ էր առաջարկվում, որը բավականին յուրահատուկ մոտեցում էր»։
Ներդրումների մասով նա նշեց, որ մտավախոթյուն ունեն, որովհետև, ըստ տնտեսագետի՝ կարևոր է ոչ թե ներդրումների, այլ զուտ ներդրումների ցուցանիշը. «Զուտ ներդրումների ցուցանիշի առումով 2017թ. երեք ամսվա ցուցանիշը բացասական է, և նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է 9 մլրդ դրամից ավելիով։ Սա նշանակում է, որ առաջին երեք ամսվա կտրվածքով գրեթե ներդրում չի արվել, որը մեզ նոր արդյունք է տալու»։
Նրա խոսքով՝ զբոսաշրջության ցուցանիշը շատ ավելի բարձր է՝ նախորդ տարվա ծրագրի համեմատ. «3 միլիոնի ցուցանիշը ևս փորձեցի աճեցնել՝ հասնելով մինչև 2022թ., մենք 300 հազար զբոսաշրջիկ պետք է ավելացնենք մեր ներկայիս հոսքին, որը մոտ 1.2-1.3 մլն մարդու սահմանում է գտնվում՝ տարեկան ցուցանիշով։ Այսինքն՝ այդ 3 մլն-ը ևս շատ ավելի դժվար հասանելի ցուցանիշ է»։
Տնտեսագետը նշեց, որ դիտարկելով ծրագրի թվային ցուցանիշները, կարելի է ասել՝ կառավարությունը թվային ցուցանիշների առումով, կարծես, պատասխանատվություն չի ցանկանում վերցնել։
«Կառավարության ծրագրի մեջ բացակայում է սցենարային մոտեցումների տարբերակը: Ծրագրում կան լավ մտքեր, գաղափարներ, սակայն իրագործման ֆինանսական հիմնավորվածության բաղադրիչը բացակայում է»,- ասաց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում