Բաժիններ՝

«Հայաստանը հասարակական տրանսպորտի ոլորտում երևի ամենահետամնաց երկրներից է նախկին Խորհրդային Միության երկրների շարքում» Կարեն Չիլինգարյան

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը, որը Երևանի տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի անդամ է, խոսելով հասարակական տրանսպորտի համակարգում սպասվող բարեփոխումների մասին՝ ասաց, որ երեկ տեղի է  ունեցել աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը։ Նրա խոսքով՝ կառավարությունը պայմանագիր է կնքել «WYG International Limited» ընկերության հետ։ Այդ կազմակերպությունն այժմ Երևանում քաղաքային տրանսպորտն արդիականացնելու և բարեփոխումներ մտցնելու համար աշխատանքներ է անցկացնում։ Այդ նպատակով  Հայաստան են հրավիրվել մի շարք փորձագետներ, իսկ գլխավոր փորձագետը Ռուդոլֆ Բառլին է, ով անցկացնում է Երևանի տրանսպորտային համակարգի ուսումնասիրություն՝ չվացուցակների, երթուղիների, և այդ ուսումնասիրության հիման վրա պետք է ստեղծվեն նոր համակարգ, նոր չվացուցակներ, նոր տիպի շարժակազմ։

«Արդեն վաղուց նշվել է, որ այդ չարաբաստիկ գազելները վերջապես պետք է վերանան։ Ի դեպ՝ Հայաստանը երևի ամենահետամնաց երկրներից մեկն է նախկին  Խորհրդային Միության երկրների շարքում։ Երևի միայն Տաջիկստանը կարող է համեմատվել, մնացած երկրներում արդեն տրանսպորտը բարեփոխվել է, իսկ մենք հետ ենք մնացել այդ առումով։ Սայլը վերջապես տեղից շարժվեց։ Ակնկալիքներ կան, և հուսով ենք՝ ինչ-որ բարեփոխումներ կլինեն, չնայած շատ են եղել խոստումներ,  ցավոք սրտի, շատերը չեն կատարվել։ Հույս ունենաք, որ այս մեկը կկատարվի»,- ասաց Կ. Չիլինգարյանը։

Նրա փոխանցմամբ՝ չվերթերի նախնական տարբերակներն արդեն կան, գծվել են և տրամադրվել իրենց։ Բանախոսը նշեց նաև, որ մինչև այս տարվա վերջ կավարտվեն փորձնական հետազոտությունները, ծրագիրը կներկայացվի, և հավանական է, որ արդեն 2018 թ. հունվարին կգործի նոր համակարգը։

«Փորձագետն առաջարկեց տրանսպորտի շահագործման մի քանի ձև։ Մեկը՝ մեկ օպերատոր ունենալու տարբերակն է, նա խոսեց դրա առավելություններից և բացասական կողմերից, նույնն էլ՝ մի քանի օպերատորի դեպքում։ Կա նաև առաջարկ, որ օպերատորը գործի քաղաքապետարանի ներքո։ Տեսնենք, թե ո՞րն ավելի լավ կլինի, քննարկումների արդյունքում կգանք եզրահանգման, որովհետև այս ամենից կախված է նաև սակագինը։ Երթևեկության սակագինն ամենացավոտ տեղն է մեր  երկրում։ 2013-ին տեսանք, թե ինչ տեղի ունեցավ, երբ ցանկացան 50 տոկոս բարձրացնել ուղեվարձի գինը»,- նկատեց բանախոսը։

Նրա գնահատմամբ՝ պետք է աշխատել այն ուղղությամբ, որ չբարձրանա գինը, կամ բարձրանալու դեպքում էլ՝ շատ չնչին լինի, ինչն էլ կախված է նրանից, թե ի՞նչ շարժակազմ կլինի, ի՞նչ ծառայություններ կմատուցվեն։ Կարեն Չիլիգարյանի խոսքով՝  առաջարկվել են նաև վճարման համակարգի մի քանի տարբերակներ:

«Ըստ իս՝ ամենաընդունելին քարտային համակարգն է։ Քաղաքացին լիցքավորում է քարտը և երթևեկում ցանկացած ժամանակ՝ կապ չունի՝ այսօ՞ր, թե՞ մեկ ամիս հետո։ Երթևեկելիս՝ մոտենում է համակարգին, որը  լինելու է ավտոբուսում, մոտեցնում քարտը, և իրենից ինչ-որ քանակի գումար է գանձվում։ Իմ առաջարկն է, որ մեկ ժամվա  կամ ժամ ու կեսի ընթացքում ուղևորը հնարավորություն ունենա տրանսպորտ փոխելու, ոչ թե հիմիկվա տարբերակով. ուղևորը սպասում է, թե ե՞րբ կգա իր տրանսպորտը, որ հասնի Ա կետից Բ կետ, երբ մի քանի տրանսպորտ փոխելով՝ ավելի հեշտ կհասնի, իսկ  հիմա մի քանի տրանսպորտ փոխելու դեպքում պետք է  մի քանի անգամ վճարել»,- հավելեց Կարեն Չիլինգարյանը։

Նա նշեց նաև, որ նախատեսվելու են փաթեթներ մեկանգամյա վճարման համար, որոնք հիմնականում պետք կգան զբոսաշրջիկներին։ Բանախոսը նկատեց նաև, որ պարտադիր պայման է, որպեսզի վարորդը գումարի հետ կապ չունենա և հետևի իր չվերթին՝ ժամանակացույցից չշեղվելու համար։ Ըստ նրա՝  առաջին հերթին մտցվելու են խոշոր չափի ավտոբուսներ՝ 80-100 տեղերով, միջին չափի ավտոբուսներ՝ 40-50 տեղերով,  երթուղայինները կպահպանվեն, բայց՝ ոչ այսօր գործողները. «Գազելն ամբողջ աշխարհում բեռնատար է համարվում։ Մեզ մոտ է միայն, որ օգտագործվում է ուղևոր փոխադրելու համար»։

Անդրադառնալով չվերթերի սխեմային՝ պարոն Չիլինգարյանն ասաց, որ դրանք կազմվելու են այնպես, որպեսզի տրանսպորտային միջոցներն իրար չխանգարեն, չկրկնվեն.

«Այնպես է լինելու, որ մեկը դուրս է գալու,  հաջորդը՝ մոտենա։ Մտցվելու  է GPS համակարգ, և դրանով արդեն ուղևորը կարող է հետևել, թե ռեալ  ո՞ր երթուղայինը ե՞րբ է մոտենալու»։

168.am-ի հարցին, թե՝ այսուհետ ուղևորն իմանալո՞ւ է՝ ե՞րբ է լինելու վերջին տրանսպորտը, որպեսզի կարողանա հաշվարկել՝ մինչև երբ կարող  է հասարակական տրանսպորտով հասնել այն վայրը, որ ուզում է,  Կարեն Չիլինգարյանը պատասխանեց. «Դա էլ է լինելու։ Մենք այդ հարցն էլ բարձրացրինք։ Պետք է մինչև ժամը 11,12-ը տրանսպորտն աշխատի՝ ինչպես եղել է խորհրդային տարիներին։ Հիմա շատ հետամնաց ձևով է մեզ մոտ տրանսպորտը կազմակերպված. վարորդներ կան, որ իրենց գումարային պլանը կատարում են, գծի փողը հավաքում և դուրս են գալիս երթուղուց, ասենք, ժամը 8-ին, 9-ին։ Այս ծրագրից հետո ձևը կփոխվի»։

Ռոզա Հակոբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս