Բաժիններ՝

«Լիդիան Արմենիայի» արձագանքման խմբի անդամները սերտիֆիկատներ ստացան ԱԻՆ-ից

Ամուլսարի հանքավայրի ծրագիրն իրականացնող «Լիդիան Արմենիա» ընկերությունը դիմել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն և 20-օրյա դասընթաց կազմակերպել իր 11 աշխատակիցների համար՝ ձևավորելով արագ արձագանքման խումբ, որի նպատակն է՝ հանքի տարածքում շինարարության և արդյունահանման  ընթացքում  կանխարգելել և կառավարել արտակարգ իրավիճակները։

Դասընթացն իր մեջ ներառել է հրշեջ-փրկարարական հմտություններ, հրատապ բուժօգնություն, ճանապարհատրանսպորտային վթարների արագ արձագանքման և այլ կարողություններ, կազմակերպվել են նաև թեմատիկ ուսումնական վարժանքներ և գործնական աշխատանքներ։ Ընկերության արագ արձագանքման խումը համագործակցում է նաև ԱԻՆ տարածքային թիմերի ՝ Ջերմուկի, Վայքի և Եղեգնաձորի հետ։

Այսօր ՀՀ ԱԻՆ-ում տեղի ունեցավ ընկերության արագ արձագանքման  խմբի անդամների սերտիֆիկատների հանձնումը։ ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն գնդապետ Կարեն Աթոյանի խոսքով՝ «Լիդիան Արմենիա» ընկերության և ԱԻՆ-ի միջև ձևավորվել է արդյունավետ համագործակցություն և լավ ավանդույթ աշխատակիցների վերապատրաստման և մասնագիտական հմտությունների ձեռքբերման ուղղությամբ։ Նա նշեց, որ այն հավաստագրերը, որոնք ստանալու են մասնակիցները պարտավորեցնող են՝ ավելի արդյունավետ, գրագետ  աշխատելու համար։

«Ես կարևորում եմ «Լիդիան Արմենիայի» գործունեությունը, քանի որ իրենք էլ կարևորում են իրենց աշխատակիցների, ինչպես նաև՝ համայնքի, անձնակազմի և բնակչության անվտանգությունը, կյանքի և առողջության փրկությունը»,- ասաց պարոն Աթոյանը։

Կարդացեք նաև

Մասնակիցների պատվոգրերը հանձնեցին ՀՀ ԱԻՆ փոխնախարար Էնրիկո Ապրիամովը և «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանը։ ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանի կողմից  պարգևատրվեց նաև «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։

«Այսօր շատ կարևոր օր է մեզ բոլորիս համար։ Այս վկայականնները, որոնք մենք ստացանք, գնահատական են  մեր կատարած աշխատանքի, համագործակցության, ընկերության, այն ջանքերի, որոնք ընկերությունը դնում է մշակույթի ձևավորման և արժեքների պահպանման համար։ Այն պարտավորությունը, որ ստանձնել է «Լիդիան Արմենիա» ընկերությունը, ամենակարևոր արժեքներին հետևելն է, որովհետև արժեքները պետք է տարբերել առաջնահերթություններից։ Դրանք կարող են փոխվել, բայց արժեքներն անփոփոխ են, իսկ դա մեր գործընկերների, մեր համայնքների անվտանգ ապրելաոճն ու գործելաոճն է։ Համագործակցելով ԱԻՆ-ի հետ՝ մենք քայլ առ քայլ հասնում ենք դրան»,- իր խոսքում նշեց  Արմեն Ստեփանյանը։

Վերջինս շնորհակալություն հայտնեց ԱԻՆ-ին բարձր պրոֆեսիոնալիզմի և փոխանցված գիտելիքների համար, և վստահություն հայտնեց, որ սա վերջին համագործակցությունը չի լինի։ Ա. Ստեփանյանն ընդգծեց, որ դասընթացի մասնակիցներից կեսից ավելին Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչներ են, և այս դասըթնացների արդյունքում նրանք դառնում են ոչ միայն ընկերության դեսպանները, այլ նաև համայնքներինը, և փոխանցում են իրենց գիտելիքները՝ ինչպե՞ս առողջ ապրել, ինչպե՞ս անվտանգ ապրել, և դա դառնում է  առօրյայի անբաժանելի մասը։

Էնրիկո Ապրիամովը ողջույնի խոսքում ասաց. «Դուք կարող եք արդեն Ձեր մարզերում պրոֆեսիոնալ օգնություն ցուցաբերել մեր ժողովրդին։ Ինչպես ասաց Կարեն Աթոյանը՝ սերտիֆիկատով հաստատվեց ձեր մասնագիտությունը»:

Արագ արձագանքման խմբի ղեկավար Արթուր Հովսեփյանը, խոսելով թիմի ձևավորման մասին, ասաց. «Մենք  նախապես խորհրդակցել են կայուն զարգացման գծով մենեջերի հետ և որոշել, որ թիմի անդամները ներգրավվեն ավելի շատ համայնքներից, և ընտրել ենք մարդկանց, որոնք իսկապես կարող են լինել անվտանգության դեսպաններ, իրենց գիտելիքները փոխանցել համայնքներին, ինչո՞ւ չէ, նաև արտակարգ իրավիճակների ժամանակ լրացուցիչ օժանդակ կառույց հանդիսանալ։ Հույս ունենք, որ իր բարի պտուղներն այս խումբը տալու է»։

Լրագրողների հետ զրույցում Արմեն Ստեփանյանը տեղեկացրեց, որ ցանկացած հանքարդյունաբերական ընկերություն  պետք է ունենա արագ արձագանքման պլան, և դա պատշաճ կատարելու համար պետք է նաև համապատասխան անձնակազմ։ Ամբողջ աշխարհում կան դեպքեր, երբ ընկերությունները համապատասխան մարմինների հետ պայմանագիր են կնքում, և հենց իրենք չեն ունենում այդ խումբը, և կա նաև, երբ ընկերությունն ունենում է իր փրկարարների խումբը և համագործակցում է ԱԻՆ մարմիների հետ։ Նրա համոզմամբ՝ այս դասընթացն անցած մասնակիցները նոր մակարդակ են ապահովելու ընկերության համար.

«Նրանք ավելի անվտանգ են դարձնելու աշխատանքը հանքում։ Մենք միշտ մտածում ենք՝ ինչպես արձագանքել արդեն կատարված պատահարին, մինչդեռ պետք է քո ամբողջ համակարգն այնպես լինի, որ կանխես եկող վտանգը»։

Նշենք նաև, որ սա «Լիդիան Արմենիա» ընկերության և ՀՀ ԱԻՆ-ի արդեն երկրորդ համագործակցությունն էր։ Առաջին համագործակցության շրջանակում վերապատրաստվել է հանքի տարածքում բժշկական շուրջօրյա հերթապահություն իրականացնող  11 մասնագետներից բաղկացած բժիշկների խումբը։

Ռոզա Հակոբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս