«Շատ կուզենայի, որ սխալված լինեի». Արամ Սարգսյան
«Ես լուրջ մտավախություն ունեմ, որ առջևում կա ստորագրման անհրաժեշտ փաստաթղթի խնդիր և ՀՀ իշխանությունները նախորդի նման խիստ վախեցած են իրենց ռազմավարական գործընկերոջ վերաբերմունքից: Հավանաբար, այնտեղ ասվել է ` փորձեք ստորագրել, մենք, կտեսնեք, թե ինչ կանենք: Իմ կարծիքով` նման երևույթ կա: Շատ կուզենայի, որ սխալված լինեի: Շատ կուզենայի, որ Հայաստանի իշխանություններն ապրիլյան դեպքերից հետո հետևություններ արած լինեին: Քաղաքական դաշտում իմ համար շատ ավելի համակրելի, սովորելու դեմքեր , քաղաքկան անհատներ կան, որոնցից հաճույքով մեջբերումներ կարող եմ անել, բայց այս պահին իրենք գոնե Լուկաշենկոյից օրինակ վերցնեն, որ չհամաձայնելով կարողանում է իր երկրի համար խնդիրներ լուծել, կարողանում է իր ուզածին տեղ հասնել և միշտ չի, որ կուրորեն համաձայնելն ու այո ասելը օգուտ է բերում հենց իրենց ու իրենց երկրին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը:
Անդրադառնալով ԵՄ դեսպանի այն հայտարարությանը, որ իրենք չեն պարտադրում իրենց աջակցությունը` Ա.Սարգսյանը նշեց, որ Պյոտր Սվիտալսկին իր կարծիքները հայտնելուց փորձում էր դիվանագիտության թույլատրելի սահմաններում ազնիվ լինել, երևաց, որ սիրում է Հայաստանն ու ժողովրդին և ուզում է այս երկիրն ավելի լավը տեսնել և այդ իմաստով ավելի շատ մտահոգություն էր, քան դիվանագետի կոշտ վերաբերմունք: Ըստ նրա` երկրորդ պարագայում` քանի որ փորձեցին նաև դասեր տալ մարդուն, նա դիվանագիտական պատասխան տվեց. «Ի վերջո, ժողովրդավարության առումով ո՞վ կարող է օրինակ ծառայել և խորհուրդներ տալ: Իհարկե, Եվրոպան: Իրենք իրավունք ունեն խորհուրդ տալու»:
«Ես միշտ ասել եմ` մեր անվտանգության կորստի, ինքնիշխանության վտանգը մեր ռազմավարական գործընկերոջից է, որովհետև մենք քայլ առ քայլ մեր ունեցածը տալիս ենք իրենց, և կառավարության այս ծրագրում էլ գրում ենք` «ավելի խորացնել հարաբերությունները»: Ավելի խորացնել ո՞ւր, դառնալ մա՞րզ»: