«Հունաստանը կարող է Հայաստանի համար դառնալ ռազմավարական դաշնակից». Գագիկ Հարությունյան

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանի համոզմամբ՝ Ադրբեջանը վարում է շատ հստակ ռազմավարություն. դա Հայաստանին հոգեբանորեն և տնտեսապես հյուծելն է: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է համապատասխան հակահարված տալ, ինչը, նրա դիտարկմամբ՝ կարող է լինել ադրբեջանական նավթին մարդկային ռեսուրսների որակի բարձրացմամբ դիմագրավելը: Իսկ այս ուղղությամբ որոշակի քայլեր արդեն արվում են:

Գագիկ Հարությունյանը կարևորեց նաև քաղաքական տեխնոլոգիաների ոլորտում պատրաստվելու հանգամանքը: Ադրբեջանը բավական ակտիվ է տարբեր էթնո-կրոնական կազմակերպություններում, Հայաստանը նույնպես պետք է փնտրի նոր դաշնակիցներ: Իսկ ըստ բանախոսի՝ նման դաշնակից կարող է լինել Հունաստանը, որն ունի գրեթե նույն խնդիրները Թուրքիայի հետ, ինչ որ մենք: Հունաստանը կարող է դառնալ ռազմավարական դաշնակից Հայաստանի համար:

«Մենք պետք է լայնացնենք մեր դաշնակցային մտածելակերպը, քանի որ միջազգային կազմակերպությունների դերակատարումը ոչ կոնստրուկտիվ է: Դերակատարումը թեև անհրաժեշտ է, բայց ոչ արդյունավետ, ու ես չեմ հիշում ղարաբաղյան հակամարտության մի փուլ, երբ նրանք սկզբունքորեն ինչ-որ բան իրենց գործողություններով փոխած լինեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գագիկ Հարությունյանը:

Գագիկ Հարությունյանի խոսքով՝ ամենաքիչն այս պատերազմը պետք է Ռուսաստանին, քանի որ նա արդեն երկու ճակատով կռվում է, և երրորդ ճակատ այլևս պետք չէ: Ըստ նրա՝ այս վիճակը գուցե ձեռնտու լինի ԱՄՆ-ին՝ Ռուսաստանին թույլ վիճակում տեսնելու համար:

Կարդացեք նաև

Արցախյան հիմնահարցում Գագիկ Հարությունյանը ևս մեկ խնդիր է տեսնում. «Մենք գրեթե չենք անդրադառնում հայ փախստականների խնդիրներին: Մոտ 600.000 փախստական ունենք Ադբեջանում: Այս խնդրի քաղաքական և մշակութային բաղադրիչների վրա միշտ չի, որ ուշադրություն ենք դարձնում»:

Նա նաև անդրադարձավ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքին, որը, իր համոզմամբ՝ այնքան էլ բարենպաստ չէ, քանի որ մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, ուր տեղի են ունենում որոշակի փոխակերպումներ, և հիմնական միտումն այն է, որ լոկալ հակամարտությունները կարող են փոխակերպվել միջպետական հակամարտությունների: Մերձավոր Արևելքում կարող է սկսվել հետդաիշյան դարաշրջան, որտեղ հակամարտությունները կկրեն միջպետական բնույթ, դրա վկայությունն է և՛ Քուրդիստանում սպասվող ռեֆերենդումը, և՛ Կատարի մեկուսացումը: Այս բոլորը ցույց են տալիս, որ զարգացումները կատարվում են «սառը պատերազմի» կանոններով: Եվ այս «սառը պատերազմում» կա երկու խոշոր հակամարտող կողմ՝ Արևելք և Արևմուտք:

Բանախոսի կարծիքով՝ պետք է որոշակի քայլերի դիմել, խոսքը նախահարձակ լինելու մասին չէ, քանի որ նման քայլերը, ըստ նրա՝ պետք է հենվեն ճշգրիտ հաշվարկների վրա, որոնք առայժմ չեն երևում, պետք է հետևանքները լավ գնահատել, սցենարները գնահատել:

Անի Թորոսյան

Տեսանյութեր

Լրահոս