Բաժիններ՝

Հայաստանի հնագետներն այս տարի պեղումներ կիրականացնեն 33 տարբեր հնավայրերում

ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտն ամեն տարի հնագիտական պեղումներ է իրականացնում Հայաստանի տարբեր վայրերում: Վերջին տարիների հնագիտական ձեռքբերումների, արժեքավոր գտածոների, առաջին անգամ պեղվող հուշարձանների, օտարերկրյա համագործակցության  մասին մանրամասներ ճշտելու համար «Արմենպրես»ը զրուցել է Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի հետ:

-Պարոն Ավետիսյան, Հայաստանի եւ Արցախի քանի՞ հնավայրում այս տարի պեղումներ կիրականացվեն: Կա՞ն պեղավայրեր, որոնք կուսումնասիրվեն առաջին անգամ:

-ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը  դիմել է ՀՀ մշակույթի նախարարությանը այս տարի Հայաստանի 33 տարբեր հուշարձաններում պեղման աշխատանքներ կատարելու հետ կապված: Մենք ունենք երեք տիպի նպատակային ծրագիր` զուտ գիտական, բազային ուսումնասիրություններ, աշխատանքներ վտանգված հուշարձանների տարածքում եւ վերականգնման ծրագրերի շրջանակներում պեղումների կամ մաքրման աշխատանքների իրականացում: Արցախի տարածքում այս տարի եւս պեղելու ենք Տիգրանակերտը, մեկ կամ երկու պեղավայրում համալսարանի համատեղ արշավախումբը դաշտային հետազոտական աշխատանքներ կիրականացնի:

Այս տարի  առաջին անգամ կուսումնասիրենք Արմավիրի մարզի «Լեռնագոգ», «Նորավան» հուշարձանների տարածքները, որտեղ անցյալ տարի ստուգողական աշխատանքներ են կատարվել: Ըստ երեւույթին, դրանք Ք. ա.  9-րդ, 8-րդ եւ 7-րդ հազարամյակների շերտեր տվող հուշարձաններ են, եւ եթե հանկարծ մենք այնտեղ բնակատեղի արձանագրենք, դա կլինի Արաքսից հյուսիս ընկած տարածքների ամենահին բնակատեղին, որ երբեւիցե արձանագրվել է: Մենք կփորձենք հետազոտություններ կատարել նաեւ Ելփին գյուղի տարածքում, որտեղ ժայռափոր մի հետաքրքիր կառույց կա` «Մհերի դուռ»-ը: Այն ուրարտական մշակույթի շատ հետաքրքիր դրսեւորման ձեւ է: Այդ հուշարձանը չափագրված չէ, շուրջբոլորը գտնվող հողերի մեծ մասը սեփականաշնորհված են, սակայն այնտեղ տեղեր կան, որ հնարավոր է դեռ ստուգողական պեղումներ իրականացնել:

Կարդացեք նաև

– Ո՞ր պեղավայրերի հետ եք այս տարի մեծ հույսեր կապում, ի՞նչ հայտնագործությունների ակնկալիքներ կան:

-Հնագիտական ցանկացած հետազոտություն խնդիր ունի կորզելու տեղեկատվություն անցյալի մասին: Ցանկացած արշավախումբ, որ գնում է դաշտ, արդեն ինչ էլ կորզի, խնդիր է լուծում: Հիմա «Կառնուտ»-ում ենք սկսել փրկարարական պեղումներ իրականացնել: Ք. ա. 4-րդ, 3-րդ հազարամյակներում այս տարածքներում մի մշակույթ կար, որը մենք կոչում էինք Շենգավիթյան կամ Կուր-Արաքսյան մշակույթ: Այստեղ պեղել ենք կամ ամենավաղ փուլի, կամ ավարտական, արդեն կազմալուծման ամենավերջին փուլում գտնվող դամբարաններ, իսկ միջնամասին վերաբերվող դամբարաններ գործնականում չունենք: «Կառնուտ»-ում դամբարաններ ենք գտել, եւ փրկարարական պեղումների արդյունքները ցույց են տվել, որ այդ նյութերի մեծ մասը վերաբերում է միջին, վերջին փուլերին: Շատ քիչ սկզբնաղբյուրներ ունենք այս առումով, եւ սա կնշանակի, որ մենք կհարստացնենք մեր աղբյուրագիտական բազան այնպիսի նյութերով, որ մեր ձեռքի տակ շատ քիչ կա: Մենք խնդիր ունենք պարզելու «Լեռնագոգ»-ի տարածքում վաղագույն բնակավայրերի ամենահին շերտեըը:

«Ակնաշեն»-ի եւ «Մասիս բլուր»-ի տարածքում բացված շերտերը վերաբերում են Ք.ա. 6-րդ հազարամյակի սկզբին, բայց մենք չենք սպառել դեպի ներքեւ իջնելու մեր պեղումների հնարավորությունները, եւ հույս ունենք, որ յոթերորդ հազարամյակին վերաբերող շերտեր կբացենք:

-Որո՞նք եք համարում 2016 թվականի ամենակարեւոր եւ արժեքավոր գտածոները: Ի՞նչ ճակատագրի են դրանք արժանացել: Հանրապետությունում կա՞ն գտածոների համար անհրաժեշտ պայմաններ:

-2016 թվականին Դեբեդի ավազանում գտնվող «Հաղթանակ-3» հուշարձանում երկրաբանական հսկայական շերտերը կտրել եւ հասել ենք հնագույն ժամանակների, մինչեւ միլիոն, միլիոնից ավելի տարի վաղեմության շերտերին, որոնք, ամենայն հավանականությամբ, մեզ կպատմեն այն առաջին նախամարդկանց մասին, որ եղել են այս տարածքում: Հաջորդ կարեւոր ձեռքբերումը «Ակնաշեն»-ի պեղումներն են, որտեղ 6-րդ հազարամյակի առաջին կեսի շերտեր ենք բացում եւ ամեն տարի այդ շերտերը հսկայական նյութ են տալիս: Շատ հետաքրքիր արդյունքներ ունենք «Քարաշամբ»-ի դամբարանադաշտի պեղումներից: Անցյալ տարի Ք. ա. 15-րդ դարի դամբարաններ էինք բացել՝ լի պաշտամունքի առարկաներով:

Պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոները նախ գալիս են հնագիտության ինստիտուտ, ապա ենթարկվում մաքրման և ռեստավրացիայի, հաշվառվում են, մանրադիտակների տակ ուսումնասիրվում, այնուհետև ուղարկվում են արտասահմանյան լաբորատորիաներ անալիզների նպատակով: Դրանք բավական թանկ արժեն, սակայն արտերկրի մեր գործընկերների միջոցով այդ գործերն անվճար են կատարվում: Հայաստանյան մշակույթն այսօր գիտական առումով հանրահռչակվում է ժամանակակից գիտության ամենավերջին պահանջներին համապատասխան տվյալներով, համապատասխան լաբորատորիաներում: Ցուցադրման ենթակա գտածոները թանգարայնացվում են: Նյութերը հիմնականում հանձնում ենք Հայաստանի պատմության, Երեւանի պատմության պետական թանգարաններ, ինչպես նաեւ պեղավայրերին մոտ գտնվող երկրագիտական թանգարաններ:

-Պետությունը որքանո՞վ է աջակցում պեղումների իրականացմանն ու յուրաքանչյուր տարի որքա՞ն գումար է հատկացվում դրանք իրականացնելու համար: 2017-ին օտարերկրյա ի՞նչ արշավախմբերի հետ եք համագործակցելու:

– Դաշտային հետազոտական աշխատանքներ կազմակերպելու համար պետությունը 2007 թվականից հնագիտության ինստիտուտին 100 միլիոն դրամ է հատկացնում: Օտարերկրյա արշավախմբերի հետ իրականացվող համատեղ պեղումներն էլ կատարվում են համաֆինանսավորմամբ: Հայաստանում հուշարձանների բացարձակ մեծամասնությունը վտանգված է, եւ ինչքան ասեք դաշտ կա աշխատելու: Այդ գումարներն այսօր բավարարում են ինչ-ինչ աշխատանքներ կատարելու համար: Յուրաքանչյուր տարի Հայաստանի տարածքում պեղումներ իրականացնելու նպատակով Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտն աշխատում է աշխարհի 15 գիտական կենտրոնների հետ:

– ՀՀ մշակույթի նախարարությունը  պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու մրցույթ է հայտարարել: ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումն այս հարցի շուրջ: Չկա՞, արդյոք, հուշարձանների վտանգման խնդիր:

-Մենք այդ հարցը քննարկել ենք Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի եւ փոխնախարար Արեւ Սամուելյանի հետ: Ակնհայտ է, որ եթե ուզում ենք հուշարձանը նորմալ պահպանվի, չվտանգվի, այն պիտի կոնկրետ տեր ունենա: Հուշարձանները հենց այնպես օրենքներով չէ, որ պետք է պահվեն: Դրանք ամենօրյա խնամքի կարիք ունեն, հետեւաբար յուրաքանչյուր հուշարձան պիտի ունենա իր տերն ու խնամողը, իսկ մեր հուշարձանների քանակը բավական մեծ է:

Առաջիկա հարյուր եւ ավելի տարում Հայաստանն այդ հուշարձանները պահպանելու ռեսուրսներ չի ունենա, եւ այդ հարցի լուծման ճանապարհներից մեկը դրանք զբոսաշրջության նպատակով ճիշտ կիրառելն է: Հուշարձանները զբոսաշրջության նպատակներով օգտագործելու գաղափարն այլընտրանք չունի, բայց դա պահանջում է քաղաքականության մշակում, մասնագիտական շատ լուրջ աշխատանք: Մենք որոշ հարցերի շուրջ մեր մտահոգություններն ու առաջարկությունները ներկայացրել ենք նախարարություն, եւ դրանք բոլորն էլ ընդունվել են:

-Շուշիի մզկիթի օրինակով կարող ենք ասել, որ Ադրբեջանն անընդհատ բողոքի ալիք է բարձրացնում տարբեր ատյաններում մահմեդական հուշարձաններում պեղման եւ մաքրման աշխատանքներ իրականացնելու հետ կապված: Քանի՞ մահմեդական հուշարձան ունենք մեր տարածքում եւ ինչպես եք վերաբերվում Ադրբեջանի կողմից բարձրացված այն հիստերիային, թե մեր հնագետներն, իբր, վնասում են մահմեդական հուշարձանները:

– Շատ են մեր տարածքում մահմեդական հուշարձանները: Դրանք հիմնականում դամբարաններ են: Եթե մեր հարաբերությունները նորմալ լինեին, ճիշտ կլիներ, որ այս հուշարձանների վրա միասին աշխատեինք: Հայաստանի տարածքում գտնվող մահմեդական հուշարձաններում մենք պեղումներ չենք իրականացնում, քանի որ դրանք պեղելուց հետո ամրակայման խնդիր է ի հայտ գալիս, իսկ դա մեծ գումարների հետ է կապված: Ամեն դեպքում հուշարձանները սպասում են իրենց հետազոտողին, իսկ դրա համար անհրաժեշտ է համապատասխան վերականգնման ծրագիր մշակել:

Հարցազրույցը վարեց Անի ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս