Բաժիններ՝

Սիրիացի փախստականներին աջակցելու համար Հայաստանին հատկացվելու է 3 մլն եվրո

Եվրամիության տարածաշրջանային ներդրումային հիմնադրամը հաստատել է սիրիական ճգնաժամի հետևանքների մեղմմանն ուղղված 275 միլիոն եվրո արժողությամբ ծրագիր: Ինչպես տեղեկացրին Եվրոպական հանձնաժողովից, ծրագրով նախատեսվում է աջակցել փախստականներին և նրանց հյուրընկալած համայնքներին Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում, Իրաքում, Արևմտյան Բալկաններում և Հայաստանում: Մասնավորապես, 275 միլիոն եվրոյից 3 միլիոնը հատկացվելու է Հայաստանում սիրիացի փախստականներին: Այդ միջոցներն ուղղվելու են առողջապահական և հոգեբանական ծառայությունների մատչելիության բարձրացմանը, բնակարանային պայմանների բարելավմանը, տնտեսական ծրագրերին մասնակցելու հնարավորությունների մեծացմանը և աշակերտների ու ուսանողների ինտեգրմանը:

ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին նշել է, որ սիրիացի փախստականներին ԵՄ օժանդակությունը հոգեբանական պարտք է և խելացի ներդրումներ, որոնք կարող են իրականացվել անվտանգության, կայունացման և տարածաշրջանի բարգավաճման ուղղությամբ:

ՀՀ սփյուռքի նախարարության տվյալներով՝ սիրիական պատերազմի սկզբից մինչ օրս Հայաստանն ընդունել է 22 հազար սիրիացի փախստական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս